Քաղաքական

Էդ. Նալբանդյան. Հայաստանի առաջնային նպատակը սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝  նշելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ սիրիահայությունը: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են տարբեր մակարդակներով և ուղղություններով աշխատանքներ տանել, որոնց առաջնային նպատակը  սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:

Անդրադառնալով ԵՊՀ- ում նախորդ տարի ունեցած հանդիպումից ի վեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումներին, նախարար Նալբանդյանը առանձնացրել է անցյալ տարվա դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նախորդ հինգ տարիներին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծել է, որ հունիսին Էնիսկիլենում կայացած «Մեծ ութի» գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես և այդ մակարդակով արված նախորդ չորս հայտարարությունները, Հայաստանը բարձր է գնահատել և կարևորել այդ փաստաթղթերում ամրագրված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և դրույթների հիման վրա բանակցային գործընթացի շարունակումը՝ հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button