ԿարևորՔաղաքական

Եվրոպական քաղաքակրթությունը պետք է հարգի հնագույն քրիստոնեական ժողովուրդների մշակութային յուրահատկությունները

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«21-րդ դարում մենք պետք է միավորենք մեր բոլոր ջանքերը եւ կամուրջներ կառուցենք ու այս կերպ է միայն հնարավոր Եվրոպայում ապահովել հասարակությունների համար ներդաշնակ միջավայր»,- այսօր  հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա ելույթ է ունեցել ԵԽ միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպման ժամանակ: Հանդիպումը մեկնարկել է այսօր Երեւանում` «Կրոնի ազատությունն արդի աշխարհում. մարտահրավերներ եւ երաշխիքներ» խորագրով։

ԵԽ երկրներից հավաքված հոգեւոր այրերի, քաղաքագետների ու դիվանագետների պատկառելի ներկայությունը խոսում է արծարծվող թեմայի կարեւորության ու արդիականության մասին: Հանդիպումն անցկացվում է ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում:  Միջմշակությանի երկխոսության փաստաթուղթը` Սպիտակ գիրքը, ԵԽ-ն ընդունել է 2008 թվականին, որի հիմնական նշանաբանը մեկն է` «Ապրել միասին, արժանապատիվ, իբրեւ հավասար մարդիկ»:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձը, որում Հայոց հոգեւոր առաջնորդը նկատել էր, որ փաստաթուղթը նոր հորիզոններ է բացում միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ասպարեզում: «Զարգացման նոր փուլ թեւակոխած եվրոպական քաղաքակրթությունը պետք է շարունակի հարգել հնագույն քրիստոնեական արմատներ ունեցող ժողովուրդների մշակութային յուրահատկությունները` բազմազանությունը դիտելով որպես համաեվրոպական հարստություն: Արդի կրոնական ազատությունը խարսխված է նաեւ միջկրոնական եւ միջեկեղեցական համագործակցության վրա, որին հայ եկեղեցին մեծապես ընդգրկված է ամենաբարձր մակարդակով»,- հայտարարել է Վեհափառ հայրապետը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Շահեն վարդապետ Անանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նկատեց, որ ներկայումս շատ երկրներ են քննադատվում կրոնական ազատությունների սահմանափակման համար, մինչդեռ, ըստ նրա, ամեն ինչ մեկնաբանության խնդիր է: «Չէի ասի` Հայաստանն ավելի շատ է քննադատվում: Պարզապես, ամեն բան կախված է մեկնաբանությունից` ըստ իս»։

Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի` «Կրոնական ազատությունների մասին» զեկույցում Հայաստանը քննադատվում է` Հայ եկեղեցուն բացառիկ դեր վերապահելու համար: Նման քննադատությունը հայ հասարակության շրջանում խիստ բացասաբար է ընկալվել, որոշ դեպքերում` այն գնահատվել է որպես Հայաստանի ներքին գործերին միջամտություն: Այս հարցով խնդրեցինք Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի տեսակետը: Վերջինս նախ ասաց, թե զեկույցը հիմնվում է միջազգային ստանդարտների վրա, որոնք ընդունել է նաեւ Հայաստանը` մասնակցելով մի շարք միջազգային կոնվենցիաների եւ ստանձնելով  որոշ պարտավորություններ, որոնք պետք է իրականացնի: Ինչ վերաբերում է զեկույցի՝ դեսպանի խոսքով` այնտեղ քննադատությունից զատ կան նաեւ գովեստի խոսքեր` դրական տեղաշարժերի մասին։ «Մենք ընդունում ենք Հայաստանյայց եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը, սակայն որոշ ասպեկտներում դեռեւս բաեփոխման կարիք կա»։ Դեսպանը հավելեց, թե խնդիրներ կրոնական փոքրամասնությունների մասով կան, որոնք զեկույցում հիշատակված են։

Մայր Աթոռի միաբան Շահեն վարդապետ Անանյանի խոսքով` շատ ցավալի երեւույթ է, որ Եվրամիության նոր ճարտարապետները նշում են, որ քրիստոնեական արժեքներն ինքնին պետք է ընդմիշտ հանվեն ԵՄ արժեհամակարգից: Արձագանքելով հարցերից մեկին` Մայր Աթոռի միաբանն ասաց, որ, օրինակ, «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը լուրջ մարտահրավեր չէ այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը կարողանում է ճիշտ ճանաչել ու գնահատել ցանկացած կրոնական կազմակերպության գործունեություն։ «Հասարակությանը պարզապես պետք է իրազեկել հնարավորինս անաչառ կերպով բոլոր այն կրոնական կազմակերպությունների մասին, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են հասարակության այս կամ այն սկզբունքի ժողովրդավարական կիրառմանը: Հետեւաբար` ամեն բան կախված է իրազեկումից: Նրանք (աղանդները, խմբ.) մշտապես վտանգավոր են, եթե խաթարում են յուրաքանչյուր ազգի սեփական եւ ի ծնե իրավունք հանդիսացող ազգային ինքնությանն ու մշակութային ինքնուրույնությանը: Եթե այս երկու կարեւորագույն գործառույթները, նաեւ` պետական մոտեցման, խաթարվում են եւ խանգարվում, հետեւաբար կա լուրջ վտանգ: Դժբախտաբար՝ որոշ կրոնական կազմակերպությունների պարագայում երբեմն-երբեմն գրանցվում են այդ մշակութային եւ ազգային ինքնության խաթարման դեպքերը»։

Մեր զրուցակցի խոսքով՝ ամեն դեպքում՝ հայ եկեղեցին բազում փորձություններով է անցել եւ եվրոպական արժեքների որեւէ համադրում կամ պատվաստում հասարակության մեջ չի կարող խարխլել նրա սկզբունքները կամ դավանական կարեւորագույն կետերը, որն ունի այսօր։

Back to top button