Հասարակություն

Դուբայի «Ռադիո Այգը». հայկական մշակույթը եւ պատմությունը ներկայացվում է արաբական աշխարհում

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաքում,  ուր բնակչության 85 տոկոսը մահմեդական է և ընդամենը 5 տոկոսն է քրիստոնյա, գործում է հայկական համացանցային ռադիոկայան: Հայուհի Շաքե Մանգասարյանը քաջություն է ունեցել Դուբայում հայկական ռադիոկայան հիմնել, որպեսզի Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելի դարձնի Արաբական էմիրություններում: Ծնունդով Հալեպից Շաքե Մանգասարյանը նախ եկել է Հայաստան, կրթություն ստացել ԵՊՀ-ում, այնուհետև տեղափեխել Դուբայ ու խոչընդոտները հաղթահարելով հիմնել հայկական ռադիոկայան:

Եռամյա պատմություն ունեցող «Ռադիո Այգը» ունի «Գրական անկյուն», «Օրացույցը պատության էջերում» հաղորդաշարը, որ անդրադառնում է պատմության ընթացքում արձանագրված նշանակալի իրադարձություններին, հաղորդում կա նաև մանուկների համար, սոցիալ- առողջապահական հաղորդումներ ունի։ Համացանցային այս ռադիոկայանն ունի նաեւ օնլայն շփման, հաղորդակցման հնարավորություն, որին կարող են մասնակցել նաև հայաստանցի ռադիոունկնդիրները` radioayk.com հասցեով: Ռադիոկայանը ուսուցանում է նաև օտար լեզուներ` հունարեն, ֆրանսերեն և գերմաներեն:

«Ռադիո Այգը» քաղաքական ուղղվածություն չունի, այն զուտ ճանաչողական նպատակ է հետապնդում: Ռադիոհաղորդումների միջոցով հայկական պատմությունն ու մշակույթը, հայկական խոհանոցը ներկայացնող հաղորդումները թերևս մեծապես կնպաստեն մահմեդական Միայցալ Արաբական էմիրություններում Հայաստանն ու հայկական մշակույթը լավագույնս ներկայացնելու և ճանաչելի դարձնելու համար։

Ինչև՝ պետք է նշել, որ այս օրերին Երևանում է ոչ միայն «Ռադիո Այգի» հիմնադիր Շաքե Մանգասարյանը, այլև  ողջ աշխատակազմը. նրանք հայրենիք են ժամանել ճանաչողական նպատակով, հյուրընկալվել նաեւ «Ռադիոլուրին»։
Բացի դա՝ ժամանել են ռադիոունկնդիրների քվեների հիման վրա Հայաստանում «Միսս Ռադիո Այգ» թագադրության նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button