ԿարևորՀասարակություն

Օրհնության կարգ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում

Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության ավանդական արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների և ուսումնարանների տնօրեններ:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն օրհնության խոսք է ասել կրթության ոլորտի ներկայացուցիչներին, շեշտելով, որ նրանք կարևոր առաքելություն ունեն ազգային  կյանքում։ «Մեծապես կարեւորում ենք այս արարողությունը, երբ կրթական ոլորտի մշակներ՝ առաջնորդությամբ կրթության եւ գիտության նախարարի, գալիս են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Աստծո օրհնությանը արժանանալու և իրենց ուխտը նորոգելու: Հայցում ենք երկնավորից, որ պտղաբեր դարձնի ջանքերը մեր կրթության մշակների եւ արգասավորի իրենց աշխատանքը: Տերը կօրհնի իրենց աշխատանքն ու ջանքերը՝ լուսավորելով միտքն ու հոգին»:

Եկեղեցական արարողակարգից հետո Վեհափառ հայրապետն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են լրագրողների հարցերին: «Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ Մայր եկեղեցու և կրթության ու գիտության նախարարության համատեղ ձեռնարկումները բարի արդյունքներ են ունենում: Մենք կամենում ենք, որ այս ձեռնարկներով մեր զավակները հաղորդ դառնան Աստծուն և այն արժեքներին, որոնցով կերտվել է մեր ժողովրդի ինքնությունը և երաշխավորվել հարատև ընթացքը դարերի մեջ: Մենք հավատում ենք, որ մեր զավակունք, ճանաչելով իրենց ազգային պատմությունը, հաղորդ դառնա լով ազգային արժեքներին, պիտի կրթվեն ու դաստիարակվեն որպես արժանավոր քաղաքացիներ և ինքնավստահ պիտի ընթանան մեր կյանքին ընդառաջ՝ կերտելով լուսավոր օրը և ապահովելով մեր ժողովրդին պայծառ և բարօր օրեր”,- նշել է Գարեգին Բ  կաթողիկոսը:

Շեշտելով, որ եկեղեցու դերակատարումը կրթության համակարգում շատ կարևոր է՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ առաքելական եկեղեցին կրթության համակարգի համար անփոխարինելի գործընկեր է՝ դաստիարակության, ազգային արժեքների գիտակցումը կրող հայ քաղաքացու կերտման և հոգևոր դաստիարակության առումով: Դարեր շարունակ, երբ չկար պետականություն, եկեղեցին էր կրթության համակարգի պատասխանատուն, ուստի անկախ պետականության պայմաններում ազգային դպրոցի և բուհի համագործակցությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ պատմական անհրաժեշտություն է: Մենք պարտավորություն ունենք եկեղեցուն ներգրավել մի շարք կրթական ծրագրերում, որոնք արդեն ավնադույթ են դարձել, ինչպես նաև մտադիր ենք ընդլայնել այդ համագործակցությունը»,- նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ եկեղեցու հետ համագործակցությունը ոչ միայն բարոյական,այլև իրավական պարտավորություն է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը շեշտված է նաև ՀՀ Սահմանադրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button