Հասարակություն

Հոգեկան առողջության խնդիրներն են քննարկում Հայաստանում 32 երկրի հարյուրավոր հոգեբաններ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Այս օրերին Երևանում անցկացվում է «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրասիան է» միջազգային թեմատիկ գիտաժողովը, որին մասնակցում են ոլորտի ավելի քան 300 առաջատար մասնագետներ` 32 երկրներից:  Գիտաժողովի աշխատանքներին այսօր անդրադարձել են սոցիալ- հոգեբանական վերականգնման  համաշխարհային ասոցիացիայի  նախագահ Աֆզալ Ջավեդը և Երևանի պետական բժշկակական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։

Հոգեբանների այս հավաքի մասնակիցների թվում են 5 միջազգային ասոցիացիաների ղեկավարները, ինչը  մեծ կշիռ է հաղորդում գիտաժողովին: Եռօրյա գիտաժողովի ընթացքում կայացած 28 քննարկումները և ներկացված 8 զեկուցումները վերաբերվում են տարբեր երկրներում հոգեբանության փորձին և արդիական ձեռքբերումներին: Նախօրեին ստորագրված հռչակագիրը նախանշել է ոլորտի զարգացման նոր ուղենիշները։

Երևանյան գիտաժողովից բավականին տպավորված է Սոցիալ- հոգեբանական վերականգնման  համաշխարհային ասոցիացիայի  նախագահ Աֆզալ Ջավեդը: Արտասահմանցի մասնագետը կարևորում է հոգեթերապիայի շրջանակներում վերականգնողական բուժումը եւ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել այս հարցում հայ մասնագետներին։

Գիտաժողովը կարևորեց և Երևանի պետական բժշկակական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, մասնավորապես, առաջավոր միջազգային փորձին ծանոթանալու տեսանկյունից։ Դիտարկելով հոգեկան առողջությունը որպես առաջնահերթություն՝ անհրաժեշտ է գիտակցել, որ այն ազգի անվտանգության և ապահովության երաշխիքն է։

Ցուցադրել ավելի
Back to top button