ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանն իր նպատակներին է ծառայեցնում սիրիական ճգնաժամը

«Ադրբեջանը փորձում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող սիրիական ճգնաժամը, մասնավորապես, սիրիահայերի ճակատագիրը, որոնք՝ ի թիվս Սիրիան լքող փախստականների, ստիպված են ապաստան փնտրել աշխարհի տարբեր մասերում»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ըստ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «տարված լինելով հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությունն ապակողմնորոշելու իր մոլուցքով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չի վարանում նույնիսկ դիմել ակնհայտ կեղծիքների ու ապատեղեկատվության: Մասնավորապես, բավական է նշել, որ նամակին կից ՄԱԿ-ի քարտուղարությանը փոխանցված այսպես կոչված «վերաբնակեցված անձանց» ցուցակում նշված անձանցից որևէ մեկը երբեք չի եղել և ներկայումս էլ չի գտնվում ԼՂՀ տարածքում»:

«Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրում և ընտրովի է մեկնաբանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը վերաբերող փաստերը՝ պնդելով, որ  Լեռնային Ղարաբաղում երկու անգամ այցելած Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելություներն իբր թե գրանցել են «միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների բազմաթիվ խախտումներ»:

Մինչդեռ հայտնի է, որ այդ առաքելությունները, որոնք իրականացվել են ԼՂՀ իշխանությունների համաձայնությամբ ու օժանդակությամբ, իրենց զեկույցներում ժխտել են  վերաբնակեցման ծրագրերի իրականացման վերաբերյալ Ադրբեջանի պնդումները: Տեղին է հիշեցնել, որ Ադրբեջանը հրաժարվել է և մինչև օրս թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության մուտքն իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որտեղ կազմակերպված կերպով իրականացվում են հայկական բնակավայրերի ադրբեջանցիներով բնակեցման լայնածավալ ծրագրեր:

Հատկապես տագնապալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ ձեռք բերած երկրի արտաքին գործերի նախարարը նամակում հանդես է գալիս ուղղակի սպառնալիքներով:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՄԱԿ անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ՄԱԿ-ի բարձր ամբիոնը որպես քարոզչական մեքենայությունների հարթակ օգտագործելու Ադրբեջանի փորձերը և օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտության համապարփակ և տևական լուծում գտնելուն»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button