ԿարևորՀասարակություն

«Փակ շուկայի» հետ կատարվածը ամենավայրագն էր արդի շրջանում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/300813karen.mp3
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբն այսօր հայտարարություն է տարածել` հիմնավորելով «Ծածկած շուկա» հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման անհրաժեշտությունը: Շարժումը վաղը «Ծածկած շուկայի» տարածքում սկսում է հասարակության ուժերով ապօրինի շինարարական եւ տնտեսական գործունեության կասեցման գործողությունը, ինչի մասին հայտարարել է ակտիվիստ, լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը։

Այս օրերին Երեւանում անցկացվում են եվրոպական մշակութային ժառանգության օրեր։ Անի Քոչարը տեղեկացրեց, որ հենց այս միջոցառման ժամանակ էլ հարց է հղել մշակույթի նախարարության ներկայացուցչին ու ստացել պատասխան` «Ծածկած շուկայի» խնդրի հետ կապված։ «
Նախարարության աշխատակիցը եւս մեկ անգամ իր խոսքում նշեց, որ իրենք քանիցս անդրադարձել են խնդրին` նշելով, որ դա ապօրինի կառուցապատում է եւ որեւէ նորմատիվ ակտի չի համապատասխանում: Հարց է առաջանում` եթե այդ ամենի գիտակցումը կա, ապա որպես նախարարություն ի՞նչ են անում իրենք: Ոչինչ չեն անում»։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով` խնդրով մտահոգ ճարտարապետներն ի սկզբանե իրենց մտահոգությունները հայտնել են եւ տեղին չեն մեղադրանքները, թե որտեղ էին մինչեւ հիմա։ Ճարտարապետը նկատեց, որ գործընթացը կանխելու փորձ եղել է թե նախարարության, թե քաղաքապետարանի կողմից,  կիրառվեցին նաեւ տուգանքներ։

Ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Սահրատ Պետրոսյանն ու Բորիս Քոչարյանը կարծում են, որ օրենսդրությունը թույլ է տալիս հուշարձանի նման  այլակերպման համար սեփականատիրոջից պահանջել նախ դադարեցնել բոլոր տիպի գործողությունները հուշարձանի տարածքում, ապա` հարկադրել նրան, որ այն բերի նախնական տեսքի, իսկ եթե ոչ՝ «զրկել սեփականության իրավունքից եւ հուշարձանը, նյութական վնասի հատուցմամբ, վերադարձնել հանրությանը»։

Ճարտարապետ Բորիս Քոչարյանի խոսքով՝ թեպետ սա առաջին դեպքը չէ հուշարձանի նկատմամբ նման վերաբերմունքի, սակայն, նրա ձեւակերպմամբ, ամենավանդալիստական ու ստորացուցիչ ձեւերով իրականացվածն է։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ իր հերթին նկատեց, որ ՀՀ միջազգային պարտավորություններն ու ներքին օրենքները լիովին թույլ են տալիս, որպեսզի Երեւանի «Ծածկած շուկա» հուշարձանը հետ վերցվի սեփականատիրոջից: Պարզապես պատկան մարմինները պետք է կատարեն իրենց գործառույթները` այն է իրացնեն սեւով սպիտակի վրա գրված օրենքները, եզրափակեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

Back to top button