Միջազգային

Մոսկվան եւ Մինսկը առեւտրային պատերազմի շեմի՞ն. Լուկաշենկոյի քաղաքական եւ անձնական շահերը կրկին համընկնում են

Մոսկվան Մինսկից պահանջել է անհապաղ ազատ արձակել «Ուրալկալիայի» գլխավոր տնօրեն Վլադիսլավ Բաումգարտներին, որին բելառուսական իշխանությունները ձեբակալել են եւ մեղադրում են իշխանության եւ ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ։ «Արդեն հինգ օր է անցել Մինսկում մեր քաղաքացու ձերբակալությունից։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան եւ ակնկալում ենք, որ բելառուսական կողմը դա մոտ ժամանակներս կանի»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ուրալկալիայի» տնօրենը ձերբակալվել էր Մինսկի օդանավակայանում օգոոստոսի 26- ին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպումից հետո։ Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել է, որ մոտ ժամանակներս կարող է քրեական գործ հարուցել նաեւ «Ուրալկալիայի» համասեփականատեր Սուլեյման Քերիմովի դեմ։

Քննության առարկան ռուսական կալիայի հսկայի եւ «Բելառուսկալիայի» միջեւ համագործակցության խզումն էր։ Նրանք երկուսը զբաղեցնում են աշխարհում կալիումական պարարտանյութերի շուկայի 40 տոկոսը։ Հուլիսի վերջին «Ուրալկալիան» չեղյալ էր հայտարարել բելառուսական ընկերության հետ պայմանագիրը՝ «Բելառուկալիայի» արտադրանքի արտահանումը դնելով սպառնալիքի տակ։ Այս որոշման արդյունքում կալիումական պարարտանյութերի գինը նախատեսվում է, որ 300 դոլարից էլ կիջնի ներկայիս 400 դոլարի փոխարեն, ինչը լուրջ հարվածի տակ է դնում Բելառուսի տնտեսությունը եւ, հատկապես, պետական բյուջեի մուտքերը, ինչը Բաումգարտների ձերբակալությանը տալիս է քաղաքական բնույթ։

Չնայած փորձագետները կարծում էին, որ Ռուսաստանը զերծ կմնա տնտեսական պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ, սակայն արդեն առաջին ահազանգերը կան։ Առաջին՝ Ռուսաստանը սեպտեմբերից կրճատում է Բելառուսին մատակարարվող նավթը 400 հազար տոննայով, ինչպես նաեւ սկսել է Բելառուսին նավթ մատակարարող «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման աշխատանքները, երկրորդ՝ «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է, որ դժգոհ է բելառուսական արտադրանքի, հատկապես կաթնամթերքի որակից, եւ վերջապես՝ Ռուսաստանը արգելել է բելառուսական խոզի մսի ներկրումը՝ այն պատճառաբանելով «աֆրիկյան ժանտախով»։

Միաժամանակ՛ փորձագետները նշում են, այս պատմության մեջ Լուկաշենկոյի քաղաքական եւ անձնական շահերը միահյուսված են։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Բելառուսի նախագահը պատրաստվում էր դուրս գալ «Բելառուսկալիայից» պայմանագրերով, սակայն չհասցրեց եւ «Ուրալկալիան» ավելի շուտ դա արեց։ Արդյունքում՝ Լուկաշենկոն ոչ միայն կորցրեց մոտ 100 մլն դոլար, այլեւ տեղի ունեցածը որպես անձնական վիրավորանք է ընդունել։

Back to top button