ԿարևորՀասարակություն

«Կարևորը՝ ողջ են»… Հայաստանում ապաստանած սիրիահայերը մտածում են այնտեղ մնացած հարազատների մասին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»
Սիրիա ներխուժման ամերիկյան սպառնալիքը տագնապ ու անհանգստություն է առաջացրել ոչ միայն Սիրիայում բնակվող քաղաքացիների, այլև Սիրիայից մի քանի ամիս առաջ դուրս եկած մեր հայրենակիցների մոտ։ Հայտնի է, որ Սիրիայում մեծաթիվ հայկական համայնք ունեինք: Նրանց մի մասը Հայաստան եկավ, մյուսները այլ երկրներ տեղափոխվեցին:
Ութ ամիս առաջ Երևան եկած Թալին Մարգարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ Հալեպում ավելի քաջ էր, քան՝ ռազմական սպառնալիքից հեռու Հայաստանում: Տագնապած է, քանի որ հարազատները մնացել են Հալեպում, ուր ամեն վայրկյան հնարավոր է հարձակում լինի։ «Ինը հոգի ենք ընտանիքում, մի մասը եկավ տուն վարձի, որ մյուսներն էլ գան, սակայն ճանապարհները փակվեցին ու նրանք մնացին Հալեպում: Հիմա արդեն տան պատը փորել- քանդել են, որ հետնամասից դուրս գան»,- ասում է նա։

Այդուհանդերձ՝ հալեպահայությունն ուժեղ է, ասում է Թալինը եւ պատմում, թե ինչպես են հացը բաժանում շենքերի բնակիչներին. դժվար է, տագնապ կա, բայց նաև հույս կա, որ վաղը վիճակը շտկվելու է. Հիմա կարևորն այն է, որ հարազատները Սիրիայում ողջ են։ «Չենք հարցնում ոնց եք, կարևորը ողջ են: Շրջափակում է, կռիվ է, բայց վստահ եմ՝ Սիրիան հաղթելու է»:

Երևանում Թալին Մարգարյանը վարձով է ապրում, աշխատանք չունի, գոյատևում է Սիրիայից բերած փողերով, չգիտի վաղն ինչ կլինի, սակայն հույս ունի: Իիր երազանքն էր ապրել Հայաստանում, սակայն ոչ որպես փախստական, ասում է։

Զեփյուռ Բաքրջյանը Սիրիայից փախել է Հոլանդիա, այժմ Հայաստան է ժամանել շրջագայելու: Նա պատմեց, թե ինչպես են փախել Հալեպից։ «Օդանավակայանում էի, երբ սկսվեց հարձակումը։ Սպասեցինք հանդարտվի, հետո փախանք Հոլանդիա»:

Վախով ու տագնապով լի հինգշաբթին ետևում է…  

Back to top button