Անվտանգ երթևեկության միամսյակը կմեկնարկի նոր ուսումնական տարվա առաջին օրը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Զգուշացեք` երեխաներ են» նշանաբանով անվտանգ երթևեկության միամսյակը կանցկացվի ամբողջ սեպտեմբերի ընթացքում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր ազդարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Սեպտեմբերին ճանապարհային ոստիկանները աշխատելու են առանց հանգստյան օրերի: Անվտանգ երթևեկության միամսյակը իրականացվում է հանրապետության ոստիկանապետի հանձնարարությամբ: Անցյալ տարի այս ձևաչափով իրականացված ծառայությունը անվտանգության տեսանկյունից տվեց ցանկալի և դրական արդյունք, փաստեց Նորիկ Սարգսյանը։Այնուամենայնիվ՝ դպրոցամերձ փողոցներից ու տարածքներից դուրս երեխաների մասնակցությամբ անցյալ տարի սեպտեմբերին ճանապարհատրանսպորտյին պատահարներ տեղի ունեցան: Ըստ գնդապետ Սարգսյանի հրապարակած տվյալների՝ արճանագրված 27 ավտովթարների հետևանքով զոհվել էր 1 երեխա, 28-ը ստացել էին մարմնական տարբեր վնասվածքներ: Համեմատած 2011 թվականի հետ՝ թե ճանապարհատրանսպորտյին պատահարների, թե վիրավոր երեխաների թիվը կրճատվել էր չորսով։
Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում երեխաների մասնակցությամբ արձանագրվել է 169 ճանապարհատրանսպորտյին պատահար, որոնց հետևանքով զոհվել է 11 և մարմնական վնասվածքներ ստացել 190 հոգի: Ճանապարհային ոստիկանության պաշտոնյան ներկայացրեց ավտովթարների ընդհանուր վիճակագրությունը ` հունվար-հուլիս ամիսների ընթացքում հաշվառվել է 1506 ճանապարհատրանսպորտյին պատահար, որոնց հետևանքով զոհվել է 170 և վիրավորվել է 2145 մարդ:
Նոր ուսումնական տարվա մեկնարկին բացի դպրոցականներից պատրաստվել են և ճանապարհային ոստիկանները։ Գնդապետ Նորիկ Սարգսյանը հորդորեց աշակերտների ծնողներին և մանկավարժներին ծանոթացնել երեխաներին Ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, մասնավորապես, սովորեցնել փողոցները սահմանված տեղում անցնելու կարգը։