Հասարակություն

ԱԺ նախագահը Արմավիրում հետեւեց կարկուտից տուժածներին հատկացվող օգնությանը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»
Արմավիրի մարզի կարկտահարված համայնքներին օգնություն տրամադրելու նպատակով այսօր Արմավիրում էր  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մի շարք պատգամավորների հետ:  Դրամական օգնությունը հատկացվում է ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծված  հիմնադրամից, որտեղ հավաքել է 240 մլն դրամ: Այն հավասարաչափ բաշխվելու է նրանց, ովքեր չեն օգտվել դրամական օգնություններից, յուրաքանչյուր ընտանիք կստանա 40 հազար  դրամ:

Մայիսի 12-ի ուժեղ  կարկուտին հաջորդեց  մայիսի 17-ի կարկտահարությունը, որը զգալի կորուտներ բերեց շուրջ 37 համայնքի  գյուղացիական տնտեսություններին:  Կարկտահարությունից հետո օգնություններ ցուցաբերվեցին տուժած գյուղացիներին, որպեզի նրանք կարողանային վերականգնել գյուղատնտեսությունն ու ապահովեին իրենց ապրուստը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայնանը  նշեց, որ կարկուտից հետո օգնության ձեռք է մեկնողները շատ են, կառավարությունը փոխհատուցել է ոռոգման ջրի վարձավճարն ու հողի հարկը՝ ըստ տուժածության աստիճանի` 50- 100 տոկոսի չափով,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 50- հազարական դրամի չափով  միանվագ օգնություն է տրամադրել 1600 ընտանիքի  , իսկ 500 ընտանիքի հետ էլ պայմանագիր է կնքել  զբաղվածության ծրագրի շրջանակներում՝ աշխատանարձ իրենց հողամասում աշխատանքի դիմաց, որտեղ օրավարձը կազմում է 4000 դրամ: Գյուղնախարարությունը նաեւ աջակցել է սերմերով, պարարտանյութով, դիզելային վառելիքով:

Բանակցություններ են տարվել բոլոր բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, որտեղ վարկերի ընդհանուր գումարը 9 միլիարդի է հասնում,  արտարժույթով վերցրած վարկերը փոխարինվեցին դրամականով, 24 տոկոսի  դիմաց 14 տոկոս վճարով, որի 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը:  Օգնության ձեռք է մեկնել նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը՝ Արմավիրի մարզում 4072  մարդու  տրամադրելով սնունդ և հիգիենիկ պարագաներ,  1500 ընտանիքի հանապազօրյա հացը որոշակի չափով  էլ  ապահովել է Հայ առաքելական եկեղեցին` բաժանելով  ալյուր: Օգնությունների շարքին է դասվում նաև Արմավիրի մարզպետի հիմնադրամից հատկացված միջոցները սոցանապահով ընտանիքներին:  Առաջարկվել կրթության և գիտության նախարարին զեղչել կարկտահարված համայնքների ուսանողների ուսման վարձերը:

«Օգնությունները դժգոհության տեղիք  արդյո՞ք չեն տվել և գոհացնո՞ւմ են  գյուղացիներին, հետաքրքվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Դժգոհություններ չլսվեցին: ԱԺ նախագահը նշեց, որ սեպտեմբերին խորհրդարանում գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովը  լսումներ են անցկացնելու, որտեղ կհրավիրվեն կառավարության անդամները, համայնքների ղեկավարները, մարզպետը:  Լսումների ընթացքում,  եթե աջակցության անհրաժեշտություն լինի,  դարձյալ դրամահավաքություն կկազմակերպեն։

ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն էլ, որի առաջարկով էլ ստեղծվել էր աջակցության հիմնադրամ, նշեց, որ բնական աղետներ միշտ էլ լինում են, բայց այստեղ կարևորը մարդկանց համախմբումն էր և սրտացավ վերաբերմունքը: Հիմնադրամը վաղվանից դադարեցնում է գործունեությունը, իսկ բաշխված գումարների մասին  հաշվետվություն կներկայացվի  Կենտրոնական բանիկին  և Պետական եկամուների կոմիտեին։

Ցուցադրել ավելի
Back to top button