ԿարևորՄիջազգային

Սիրիա. բոլորը պատրաստվում են ռազմական ներխուժման (լրացվում է)

լրացվել է ժամը 17։26- ին

Ռուսաստանը համալրում է միջերկրածովյան իր նավատորմը
Ռուսաստանի ռազմածովային նավատորմը համալրելու նպատակով մոտակա օրերին նոր նավեր են ուղարկվելու Միջերկրական ծով, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝  վկայակոչելով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի անանուն աղբյուրը: «Հայտնի իրավիճակը, որը ձևավորվել է այժմ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, մեզանից պահանջում է ռազմածովային նավատորմի կազմում փոփոխություններ իրականացնել: Մոտ օրերին այն կհամալրվի Հյուսիսային նավատորմի մեծ նավով: Ավելի ուշ՝ նրան կմիանա Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը»,- ասել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով՝ աշնանը Միջերկրական ծովի նավատորմը համալրելու է խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» հրթիռային հածանավը, որը կփոխարինի «Վիցե-ադմիրալ Պանտելեև» նավին։

Թուրք- սիրիական սահմանում ուժեղացվել են ՀՕՊ համակարգերը
Թուրք-սիրիական սահմանի մոտակայքում՝ Հաթայ շրջանում տեղակայված Թուրքիայի հակաօդային պաշտպանության  ստորաբաժանումները բերված են պատրաստության ուժեղացված մակարդակի, գրում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։ Զենիթահրթիռային համալիրները և ռադարներն ուղղվել են Սիրիայի կողմը:

Թուրքական «Իհլաս» գործակալության հաղորդմամբ՝ սա արվել է հնարավոր վտանգների պատճառով, որոնք կարող են սպառնալ սիրիական կողմից՝ Արևմուտքում Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու քննարկումների հետ կապված: Հաղորդվում է, որ ռադարային սարքավորումներն աշխատում են մշտական ռեժիմով:

Բան Կի Մունը սպասելու կոչ է անում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Միացյալ Նահանգներին չսկսել Սիրիայում ռազմական գործողություններ, քանի դեռ այնտեղ աշխատում են քիմիական զենքի հարցով ՄԱԿ-ի փորձագետները:Նրանք արաբական այս երկրը լքելու են շաբաթ առավոտյան: Սիրիային ռազմական հարված հասցնելու հեռանկարը կրկնապատկել է արդեն երկու տարի փաստացի պատերազմի պայմաններում ապրող սիրիացիների  տագնապը։

Քիմիական զենքի կիրառումը շոշափում է ամերիկյան ազգային շահերը, ասում է նախագահ Օբաման
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հանրային հեռուստատաեսությանը՝ PBS- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակչության դեմ կիրառված քիմիական զենքի հետեւում կանգնած են Սիրիայի իշխանությունները։ Նա նշել է, որ քիմիական զենքի օգտագործումը շոշափում է ամերիյան ազգային շահերը եւ կանխարգելիչ հարվածը դրական կազդի նաեւ Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացումների վրա։ Միաժամանակ՝ Օբաման հայտարարել է, որ դեռ որոշում չի ընդունել Սիրիա ներխուժելու մասին։ Վաշինգտոնի պատասխանը հետեւեց ՄԱԿ- ում դիվանագիտական փակուղում հայտնվելուց հետո։

Լոնդոնը գտել է ռազմական ինտերվենցիայի իրավական հիմքերը
Մեծ Բրիտանիան պնդում էր, որ ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ ընդուներ Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար, որը նախատեսում էր ռազմական գործողություններ։ Սակայն Դամասկոսի դաշնակից Մոսկվան, նաեւ Պեկինը դեմ են սիրիական գործերին միջազգային մասնակցությանը։

Այսօր վարչապետ Քեմերոնը հրավիրել է խորհրդարանի արտակարգ նիստ՝ սիրիական խնդիրը քննարկելու համար։ Մեծ Բրիտանիան արդեն գտել է Սիրիայի վրա հարձակման «իրավական հիմքեր»։ Դա «մարդասիրական ինտերվենցիա» է. այսպես է ԱԳ նախարար Ուլյամ Հեյգը մեկնաբանել Բի Բի Սի- ին խորհրդարանի քվեարկության դրվելիք բանաձեւը։ Ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի՝ փաստաթղթում, որը ներկայացվելու է պատգամավորներին, նշված է, որ նպատակ կա ահաբեկել Սիրիայի իշխանություններին եւ ստիպել հրաժարվել քիմիական զենքի կիրառումից։ Այդ բանաձեւը «չի արտոնում Սիրիայում ցանկացած գործողություն ավելի լայն նպատակակետերի վրա»,- ասել է ԱԳ նախարարը։

Մարտակոչ՝ ընդդեմ ՄԱԿ- ի Կանոնադրության

Սիրիայի վրա ռազմական հարվածի ծրագրերը ՄԱԿ- ի Կանոնադրության առանցքային դրույթների դեմ բացահայտ կոչ են, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ հանդիպման ժամանակ։ Ռուս դիվանագետի խոսքով՝ նախ պետք է ՄԱԿ- ի տեսուչներին հնարավորություն տալ հետաքննությունն ավարտին հասցնել եւ արդյունքները ներկայացնել ՄԱԿ- ի ԱԽ- ին։

Սիրիան՝ ռազմական հարվածի նախաշեմին
Սիրիան Արեւմուտքին մեղադրում է ռազմական գործողությունների պատճառներ «հորինելու» մեջ։ Ասադի կառավարությունը կտրականապես հերքում է քիմիական զենքի օգտագործմանը մեղադրանքը։ ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը պահանջել է արեւմտյան տերություններից «ներկայացնել ապացույցներ» մինչեւ նման հաստատումներ անելը։

Սիրիայի մայրաքաղաքում հնարավոր ռազմական հարվածը աճող անհանգստություն է առաջացրել։ Երկրի ռազմական գերագույն հրամանատարությունը որոշել է Դամասկոսի մերձակա կարեւոր հրամանատարական կենտրոններից տարհանել անձնակազմը։ Ճամպրուներով բեռնված մեքենաների երկար շղթան կանգնած է լիբանանա- սիրիական սահմանին։ Լիբանանին անվտանգության ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամում առնվազն 6 հազար մարդ է փախել Սիրիայից։ Դամասկոսում այժմ արդեն դժվար է հաց գտնել։

ՄԱԿ- ն էլ մինչեւ շաբաթվա վերջ Սիրիայից կտարհանի իր աշխատակիցներին, հաղորդել է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը՝ հղում անելով կազմակերպության քարտուղարության «իրազեկ աղբյուրներին»։ «Կարծում եմ, մինչեւ շաբաթավերջ Սիրայում աշխատակիցներիից ոչ մեկը չի մնա։ Կմա միայն խիստ անհրաժեշտ անձնակազմը»,- ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ Գոլանի բարձունքում տեղակայված ՄԱԿ- ի խաղաղապահներին այս տարհանումը չի վերաբերում։
Սիրիայի հարեւանները
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Համենեին նախազգուշացրել է, որ ամերիկյան ինտերվենցիան ողջ տարածաշրջանի համար աղետալի կլինի։ «Տարածաշրջանն այժմ վառոդի տակառի է նման, ապագան անհնար է կանխագուշակել»,- ասել է նա։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է պահեստազորի մասնակի զորակոչ։ Կառավարության ներկայացուցիչը Բի Բի Սի- ին հայտնել է, որ թեեւ քիչ հավանական է, որ Իսրայելը ռազմական հակամարտության մեջ ներքաշվի, սակայն պետք է պատրաստ լինել նաեւ իրադարձությունների նման զարգացմանը։

Back to top button