Սիրիական զարգացումները հայ վերլուծաբանների աչքերով


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ծանր հանցագործություն է եւ կիրառողը պետք է պատժվի, ասում է արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Ըստ նրա՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը մեծ սադրանք է, որի նպատակը սիրիական իրադարձությունների մեջ ոչ միայն ԱՄՆ-ին եւ այլ երկրների ներքաշելն է, այլեւ` ամբողջ Մերձավոր Արեւելքը ապակայունացնելը։ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` այդ մեծ սադրանքի հեղինակը ոչ թե ԱՄՆ իշխանություններն են, այլ այն ծայրահեղական ուժերը, որոնք եւ, ըստ էության, սկսել են Մերձավոր Արեւելքում փոփոխություններ իրականացնելու իրենց քաղաքականությունը։
Արեւելագետը չի բացառում, որ սադրանքի ետեւում կարող են կանգնած լինել նաեւ ամերիկյան որոշ ուժեր։ Նման եզրահանգում թույլ է տալիս կատարելու Թուրքիայի արտգործնախարարի` շատ արագ հետեւած աննախադեպ հայտարարությունը, թե պատրաստ են գործողություններին՝ չսպասելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւին։ Բացի դա՝ Ստամբուլում անմիջապես հավաքվեցին զինված խմբավորումների եւ 11 երկրների ներկայացուցիչները՝ «Սիրիայի բարեկամները»։
Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ եթե սկզբում ԱՄՆ նախագահը, կարծես թե, մոտենում էր արագ գործողությունների գաղափարին, ապա նրա վերջին հայտարարությունից պարզ է դառնում, որ արեւմտյան գերտերությունը սպասելու է գործողությունների զարգացմանը: Նույն մոտեցումն էր նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի երեկվա հայտարարության հիմքում, որ պետք է սպասել ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությանը։
Ըստ վերլուծաբանի՝ եթե ԱՄՆ-ն` շրջանցի ՄԱԿ-ի ԱԽ-ն ու հարված հասցնի Սիրիային, ապա դրանով նախ կխախտեն միջազգային օրենքը եւ էլ ավելի կթուլացնեն ՄԱԿ-ի դերը, ինչը, բնականաբար, շատ բացասական դեր կունենա ընդհանրապես աշխարհում զարգացումների վրա: Բացի այդ` դա վտանգավոր կլինի նաեւ հենց ԱՄՆ-ի համար, որովհետեւ արաբական աշխարհի մի զգալի հատվածի թշնամությունը ձեռք կբերի։
Վերլուծաբան, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Մարկարովի գնահատմամբ` Սիրիայի նկատմամբ թիրախային հարվածները չեն սահմանափակվի այդ երկրի ներսում եւ կարող են ընդգրկել ավելի լայն տարածաշրջան։ Մարկարովը նկատեց, որ սիրիական զարգացումներում Թեհրանի ներգրավվածությունը կախված կլինի այն ենթադրություններից, որ Սիրիայից հետո հաջորդ թիրախը կարող է լինել Իրանը։
Սակայն առայժմ զարգացումները շատ «եթե»- ներ են պարունակում եւ կան բազում գործոններ, որոնք թույլ չեն տա ասել, որ այդ «եթեները» հիմնավորված են: Այսինքն` տվյալ դեպքում հնարավոր է խոսել ավելի շատ կամ ավելի պակաս հավանականությունների մասին: Ըստ Ալեքսանդր Մարկարովի` ավելի մեծ հավանականությամբ կարելի է խոսել, որ ցամաքային գործողությունները Սիրիայում չեն տարածվի արտաքին ուժերի մասնակցությամբ: Կա նաեւ որոշակի փոքր հավանականություն, որ սիրիական օբյեկտների նկատմամբ լինի հարձակում արտաքին ուժերի կողմից, սակայն դա չի կարելի բացառել, քանի որ, ըստ վերլուծաբանի, դա կտանի ավելի մեծ մասշտաբների ներառում, ինչը ոչ մի ուժի ձեռնտու չէ։