Հասարակություն

Ներգաղթյալների թեման ռուսական ընտրությունների առանցքում. քննարկում Երեւանում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հատկապես վերջին ամիսներին Ռւսոաստանում զգալի ավելացել է այլատյացությունը: Թիրախում են հայտնվել ներգաղթյալները, որոնց հանդեպ անհանդուրժողականությունը դարձել է սեպտեմբերի 8-ին այդ երկրի 16 տարածքնեներում, այդ թվում մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի հիմնական թեման։ Այն շահարկվում է ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ մամուլի և հեռւստաալիքների կողմից:  Ըստ վերջին հարցումների՝ ռուսաստանցիների 71 տոկոսը միգրանտներին համարում է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ և հանդես գալիս նրանց արտաքսման օգտին, իսկ 73 տոկոսը աջակցում է իշխանությունների կողմից ներգաղթյալների դեմ իրականացվող քաղաքականությունը։

Անդրադառնալով այս հիմնախնդրին՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատում է, որ այն նոր չէ Ռուսաստանի համար։ Ըստ քաղաքագետի՝ այս անհանդուրժողականությունը կրում է ընտրողական բնույթ և թիրախում հիմնականում հայտնվել են թխահեր ներգաղթյալները: Կովկասից և Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների հանդեպ հակակրանքը գնալով ավելանում է ռուսական հասարակության մեջ: Արդյունքում՝ 2004-2012 թվականներին, ըստ պաշտոնական տվյալների, ազգայնական ծայրահեղականության հողի վրա կատարված հանցագործությունների թիվը ավելացել է 5 անգամ։

Իր հերթին Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի գիտխորհրդի անդամ, արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ընգծում է, որ Ռուսաստան ներգաղթյալների հստակ թիվը հայտնի չէ, սակայն զգալի է: Ըստ նրա՝ միայն Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտների թիվը գերազանցում է 4 միլիոնը: Բացի դրանից՝  առկա է միգրացիա և երկրի ներսում, հատկապես Հյուսիսային Կովկասից։

Հենց այդ տարածաշրջանի ներկայացուցիչներին են ավելի շատ հակակրում մոսկվացիները, խոստովանեց փորձագետը:  Քրիստոնյա հայերի և վրացիների հանդեպ բացասական տրամադրվածությունը զգալիորեն պակաս է, նշեց Մալաշենկոն: Նա մտահոգիչ է համարում մահմեդական ներգաղթյալների թվի ավելացումը: Արդյունքում՝  վերջերս կայացած կրոնական տոնին Մոսկվայի գլխավոր մզկիթում եղել է 180 հազար մարդ։

Մի կողմից՝ ներգաղթյալների մեծ քանակը  գրգռում է տեղացիներին, սակայն մյուս կողմից առանց այդ ցածր վճարվող աշխատուժի անհնար է այսօր պատկերացնել Ռուսաստանը: Իսկ բազմամիլիոնանոց այս բանակի արտաքսումը անհնար է իրականցնել: Ներգաղթյալների խնդիրը դասվում է անլուծելիների շարքին և ընտրություններից հետո ևս այն կարող է շահարկումների առարկա մնալ։  

Back to top button