Արմավիրում դպրոցականների թիվը նվազել է, սակայն աճել է առաջինդասանցիների թիվը


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Նոր ուսումնական տարվա մեկնարկն է քննարկվել Արմավիրի մարզում դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցության սկզբում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հետաքրքվեց, թե ինչպես են հանգստացել մանկավարժները և նրանց ցանկացավ նոր լիցքեր, ուժ ու եռանդ, հաջողություններ նուր ուսումնական տարին սկսելու համար։
Այնուհետև Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը ամփոփ ներկայացրեց 2012-2013 ուումնական տարվա արդյունքները: Հիմնական կրթություն ստացած 3019 աշակերտից 74-ը գերազանց է ավարտել, ակտիվ մասնակցություն են ունեցել առարկայական օլիմպիադաներին, «Կենգուրու» և այլ մրցույթներին` ունենալով հաջողություններ: Սակայն այս ուսումնական տարում աշակերիտների թիվը նվազել է, որը կարող է հանգեցնել դասարանների և հաստիքների կրճատմանը, իսկ առաջին դասարան հաճախող երեխաների թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է։
Ներառական կրթությունը բեռնաթափում է հատուկ դպրոցները: Արմավիրի մարզւմ գործում է 2 հատուկ դպրոց Արմավիր և Վաղարշապատ քաղաքներում: Անցած ուսումնական տարում ներառական կրթություն են իրականացրել Արմավիրի թիվ 5 և Վաղարշապատի թիվ 7 դպրոցներում, այս տարի կավելանա ևս 2-ը` Արմավիրի թիվ 6 և Վաղարշապատի թիվ 9 դպրոցները։
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրեց կրթական համակարգի բարեփոխումները, իրականացվող քաղաքականությունը, միաժամանակ նշելով, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է նախարարություն և գնահատել կրթության ռազմավարական դերը մեր երկրի պաշտպանության գործում։
Նարինե Հովհաննիսյանը կարևորեց մանկապարտեզների և նախակրթարանների գործունեությունը: Այս տարի բացվել է 200 մանկապարտեզ, դպրոցների բազայի վրա հիմնված նախակրթարանները հնարավորություն են տալիս 5-6 տարեկան երեխաներին պատրաստված մտնել դպրոց: Նախակրթարանի աշակերտները համարվում են այդ դպրոցի աշակերտներ և դպրոցը ֆինանսավորվում է նաև նրանց թիվը հաշվի առնելով։ Այս ուսումնական տարում կբացվի ևս 70 նախակրթարան:
Խրախուսվեց շախմատի ուսուցումը նաև 4-րդ դասարանում: 1-9 դասարանների 20 անուն դասագրքի փորձարարական աշխատանք է իրականացվել, որոնց ծրագրերը զգալիորեն բեռնաթափվել են: Առաջին դասարանցիների համար մշակվում են համակարգչային ծրագրեր և նրանք նույնպես կունենան համակարգիչներ:
Կրթական համակարգի բարեփոխումներից է 12-ամյա կրթության պարտադիր ծրագիրը: Հիմնական կրթություն ունեցող աշակերտներից 5000-ը չի շարունակում ուսումը հետագա եռամյա համակարգում, իսկ նրանցով ոչ ոք չի զբաղվում: 12-ամյա պարտուսը հնարավորություն կտա լիարժեք կրթություն ստանալ նաև արհեստագործական ուսումնարաններում, քոլեջներում, միջնակարգ մասնագիտական այլ հաստատություններում։
Բարեփոխումներ են իրականացվում ներառական կրթության ամրապնդման ուղղությամբ «Բոլոր երեխաներին հավասար կրթություն» կարգախոսով: Բեռնաթափելով հատուկ դպրոցները դրանք կվերածվեն գնահատման կենտրոնների, մասնագետները դարձյալ կաշխատեն հատուկ կարիք ունեցող երեխաների հետ հանրակրթական դպրոցներում։
Հանրապետություն կգործի միայն 5-6 հատուկ դպրոց շատ առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար: Բոլոր դասագրքերը տպագրված են և հատկացվել են դպրոցներին: Լրամշակվել է տարակարգ ստացող ուսուցիչների բաղադրիչները, դրանք հնարավորին չափով մեղմացվել են և 7-ից 2-ը ունենալու դեպքում ուսուցչին կտրվի տարակարգ: Սա կխթանի ուսուցչի աշխատանքը:
Ամրավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ հավելեց, որ հունվարի մեկից նախատեսվում է ուսուցչի աշխատավարձի բարձրացում 122 հազար դրամից մինչև 165 հազար դրամ: Ընդհանուր հաշվարկով՝ դպրոցներում շատ են ուսումնաօժանդակ աշխատողների թիվը, որը նախատեսվում է կրճատել: Նոր ուսումնական տարում կտրվեն հաստիքների ցուցակները ըստ աշակերտ թվի հաշվարկի և կիրականացվեն օժանդակ հաստիքների կրճատումները: Նախատեսվում է կրճատել նաև դպրոցներում աշխատող քարտուղարուհիների հաստիքները: Դպրոցների չգործող մասնաշենքերը փակվելու են, մի քանի դպրոցներ էլ կմիավորվեն։