Հասարակություն

Դրամահավաքությունը վերացված է, չջեռուցվող դպրոց էլ չկա

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ, ներկայացրել իրենց կատարած նախապատրաստական աշխատանքները: «Դրամահավքությունը Երևանի դպրոցներում բացառվում է»,- հայտարարեց նա։ Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով Երևանի թիվ  64 և  թիվ 181 դպրոցների  տնօրեններ  Երևանի քաղաքապետի կողմից խիստ նկատողության են արժանացել, իսկ  111 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարն էլ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը տարածված հաղորդագրությանը գրեթե ոչինչ չավելացրեց՝ չնայած նշեց, որ իրենք որևէ գաղտնիք  որևէ մեկից չունեն։           Դժգոհություններն ստացվել էին թեժ գծի միջոցով, որի աշխատանքների արդյունավետությունը  քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը  հատկանշական   է համարում: Գայանե Սողոմոնյանը  թեժ գծի միջոցով ստացվող ահազանգերի հեղինակների գաղտնիությունը երաշխավորեց 1000 տոկոսով՝ «շատ դեպքերում անգամ ես, եթե պետք չի լինում, ես էլ չեմ իմանում»։ Երևանի քաղաքապետարանում գործող թեժ գիծն իր աշխատանքները շարունակելու է:

Հանրակրթության վարչությունն այս ամռանը չի հանգստացել, մինչ այս  աշխատում էին մանկապարտեզների հետ, այժմ արդեն  նախապատրաստվում են նոր ուսումնական տարվան: Հուրախություն բոլորիս՝ քաղաքապետարանի պաշտոնյան  վստահեցնում է, որ չնայած արտագաղթի մասին շատ են խոսում, այդուհանդերձ, վերադարձողների թիվը  նույնպես ավելացել է։ «Թվում է, թե ամեն օր խոսում ենք արտագաղթից, բայց ես կարող եմ այսօր վստահությամբ ասել, ես ամեն օր հուրախությամբ մակագրում եմ ՌԴ-ից, Իսպանիայից, Հունաստանից հայրենիք վերադարձող  ընտանիքների և դրանք հիմնականում տարրական դասարանների երեխաներ են»։

Թե քանի  երեխա կհաճախի առաջին դասարան, Երևանի քաղաքպետարանի հանրակրթության վարչության պետը կտեղեկացնի մի քանի օր հետո միայն, երբ աշակերտների թվի ընդհանուր պատկերը պարզ կլինի, հատկապես՝  տարրական դասարանների աշակերտների համար նոր ուսումնական տարին կմեկնարկի հենց սեպտեմբերի մեկին՝ չնայած, որ այն այս տարի հանգստյան օր է:

Գայանե Սողոմոնյանը այսօր՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին մեկ անգամ ևս հայտարարեց, որ Երևանի դպրոցներում դրամահավաքությունն ամբողջովին վերացել է, վերահսկողությունը էլ ավելի է  խստացել։ «Աշխատանքային տետրերի, դասագրքերի, օրագրերի, այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը դպրոցում բացառվում է: Բացառվում է դպրոցում դպրոցական ֆոնդի գումար հավաքելը։ Ես օգտվում եմ այս առիթից բոլոր ծնողներին ի գիտություն, որևէ վաճառք դպրոցում ավարտված է, չկա, նման բան խստիվ արգելվում է  Երևանի քաղաքապետի կողմից»։

Դրամահավքության դեպք արձանագրվելու դեպքում պատասխանատվության է ենթարկվելու տնօրենն ու  դասղեկը, ասաց Գայանե Սողոմոնյանն ու հայտարարեց, որ  առաջինից չորրորդ դասարանների աշակարետրներին դասագրքերը բաժանվելու են անվճար, իսկ հինգից իններորդ դասարանների աշակերտների դասագրքերի գնացուցակը տնօրենները պարտավոր են  փակցնել   գրադարանների մուտքի  և  ծնողներին տեսանելի այլ վայրերում։

Հանրապետության նախագահի հանձնարարականով ու Երևանի քաղաքապետի ջանքերով մայրաքաղաքում այլևս չջեռոցվող դպրոց ու մանկապարտեզ չկա, ասաց հանրակրության վարչության պետը։ Այնպես որ՝ աշակերտների համար ուսումնական տարին հաջող սկսելու բոլոր նախապայմանները ստեղծված են:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button