Հասարակություն

Անհատ տաքսիստների եւ տրանսպորտի նախարարության միջեւ հակասությունը վերացված է

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Օգոտոսի 26-ին անհատ տաքսիների վարորդները ստվերում աշխատող տաքսիների վարորդների դեմ պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել: Սակայն բողոքի ակցիայի փոխարեն երեկ վարորդների իրավունքները պաշտպանող «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանը հանդիպել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանի  հետ։ Նախարարության և անհատ տաքսիստների հակամարտությունն առայժմ կարելի է  ավարտված համարել, այսօր ասաց Գեւորգ Դոստուրյանը։

Նա այսօր նաեւ փոխանցեց, որ փոխնախարարը  նախ խոստովանել է, որ իրոք խնդիրներ կան, իսկ հետո խոստացել է՝ առաջիկա  երկու ամիսների ընթացքում  տաքսիստների խնդիրները լուծվելու են: Իսկ ստվերային տաքսիստների թիվն ավելացել է, քանի որ վերահսկողությունը պատշաճ մակարդակով չի կատարվում։ Վարորդների իրավունքների պաշտպան, «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ նախագահն ասաց, որ  օրինական դաշտում մոտ ութ հազար անհատ տաքսիստ է աշխատում, գրեթե նույնքանն էլ ստվերային գործունեություն է իրականացնում։

Իսկ վերահսկողութունը թուլացել է, քանի որ ազգային օրենսդրության կարգավորման կենտրոնը լիցենզավորման նոր կարգ է  մշակում, այն պետք է հաստատվեր ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում, սակայն չի հաստատվել։ Փոխնախարարը խոստացել է ամեն ինչ անել, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ այն հաստատվի։ Դոստուրյանն առայժմ դժգոհություն չունի տրանսպորտի ու կապի նախարարությունից, ավելին, խոստացավ, որ իրենց կազմակերեպությունը առանց տոկոսի ապառիկով հաշվիչներ է տրամադրելու դրանց կարիքն ունեցող վարորդներին։

Back to top button