ԿարևորՏնտեսական

Ցանկանում ենք համագործակցել բոլոր գործընկերների հետ, մեզ համար որևէ տարբերություն չկա ԵՄ կամ Մաքսային միության միջև, ասում է էկոնոմիկայի նախարարը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները  դինամիկ են  զարգանում , սակայն անհրաժեշտ է էլ ավելի ընդլայնել և խորացնել համագործակցությունը ինչպես տնտեսական, այնպես էլ մնացած ոլորտներում»,- այսօր հայտարարել է կոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ամփոփելով տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ երեւանյան նիստի արդյունքները։

Երեկվանից մեկնարկած հանդիպումների ընթացքում  կողմերը քննարկել են երկու երկրների միջև  առեւտրաշրջանառության ծավալների մեծացման, տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման, լիզինգով  տրամադրվող բելառուսական տեխնիկայի մատակարարման խնդիրները, ինչպես նաեւ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ոսկեգործության, առողջապահության, գիտության եւ կրթության, մշակույթի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները։

«Հայաստանն ու Բելառուսը միշտ լավ հարաբերություններ են ունեցել և վստահ եմ, որ դրանք գնալով էլ ավելի կխորանան՝ անկախ նրանից Հայաստանը կստորագրի ասոցացման համաձայնագիրը, թե կորոշի գնալ դեպի Մաքսային միություն»,- ասել է հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ էկոնոմիկայի նախարարը։

Ըստ Վահրամ Ավանեսյանի՝ որևէ հիմք չկա  ենթադրելու, որ ապրանքային հարաբերությունները կամ առևտրաշջանառությունը փոխվելու է: «Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հետևյալն է, մենք ցանկանում ենք  համագործակցել մեր բոլոր գործընկերների հետ, մեզ համար որևէ  տարբերություն չկա ԵՄ  կամ Մաքսային միության երկրների միջև: Մենք հույս ունենք, որ Հայաստանն իր  հարաբերությունները կպահպանի հիմնական գործընկեր  երկրների հետ»,- ասել է նա։

Գործընթացը բավականին բարդ է գնահատում Հայկական զարգացման գործակալության տնօրեն  Ռոբերտ  Հարությունյանը։ Նա մի բանում է վստահ՝ Հայաստանի այս կամ այն դիրքորոշումը չպետք է  անդրադառնա տնտեսական հարաբերությունների վրա։ «ԵՄ  և Մաքսային միությունն այսպես թե այնպես մնում են Հայաստանի գործընկերները, ընկերները, ռազմավարական գործընկերը և ես կարծում եմ, որ միայն այդ հարցով չի պայմանավորված լինելու մեր հարաբերությունները»։

ԶՀԳ տնօրենին հայ- բելառուսական  ապրանքաշրջանառությունը չի բավարարում,  սակայն հարաբերությունների ընդլյանման հեռանկար տեսնում է, երկուստեք առևտրի տներ ե ստեղծվել:   Ինչու՞  վերամշակման  լայն  հնարավորություններ ունեցող մեր երկիրը  Բելառուս չի արտահանում արտադրանք, հարցրեինք Ռոբերտ Հարությունյանից: Զրուցակցիս կարծիքով՝  Հայաստանի հիմնական խնդիրը շուկաների դիվերսիֆիկացիան է, որը Հայաստանում մի քիչ կաղում է։ «ԵՄ- ն մեր հիմնական առևտրային գործընկերն է, եթե խոսքը հանքարդյունաբերության մասին է։ Եթե խոսքը վերամշակման մասին է՝ Ռուսաստանն է։ Բայց մենք գիտենք, որ փորձում ենք խոսել այլ շուկաների մասին»։

Գյուղմթերքի վերամշակմամբ ու մեքենաշինությամբ աչքի ընկնող Բելառուսի հետ Հայաստանն այժմ քննարկում է ոսկերչության, ՏՏ  ու այլ ոլորտների հետագա համագործակցության հարցերը: Ի վերջո՝ Հայաստանն ի՞նչ կարող է կամ ի՞նչ է առաջարկում բլառուսական շուկային։ «Ռուսաստա- Բելառուս– Ղազախստան  կարելի է ասել, որ դա մեկ մաքսային տարածք է։ Երբ մենք այստեղից Ռուսաստան ենք արտահանում, դա չի նշանակում, որ ապրանքն իրացվում է միայն Ռուսաստանում։ Հիմնական ապրանքները, որ մենք Ռուսաստան ենք արտահանում, տարածում են գտնում նաև Բելառուսում և Ղազախստանում, քանի որ դա արդեն ներքին տարածք է և ապրանքի տեղափոխումը ներսում է տեղի ունենում: Մեր հայկական ընկերությունները հիմնական գործընկերներ ունենալով Ռուսաստանում, միևնույն ժամանակ այդ ապրանքները ուղարկվում են նաև  Բելառուս և Ղազախստան»,- ասաց ԶՀԳ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

Անդրադառնալով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի աշխատանքներին նշենք, որ Բելառուսի անտառային տնտեսության նախարար,  հանձնաժողովի  համանախագահ Միխայիլ Սմելյանովիչը ևս բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակն ու կարևորեց համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: «Կարծում եմ, որ այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումները երկու երկրների միջև համագործակցության համար նոր հիմքեր կստեղծեն»,- ասաց  Ամելյանովիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button