Հասարակություն

Վարորդները Արմավիրում գործադուլ են հայտարարել. բողոքում են ինքնակոչ տաքսիստներից

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/270813armavir.mp3
Ապօրինի ուղևորափոխադրումների պատճառով այսօր Արմավիրի  ավտոկայանում գործադուլ են արել գյուղերի երթուղիները շահագործող  փոխադրամիջոցների  վարորդները և հրաժարավել երթուղիները սպասարկելուց:  Նրանց աշխատանքին խանգարում են  ինքնակոչ տաքսիները, որոնք, գնելով տաքսու նշանը, ավտոկանգառներից  ավտոբուսների  ուղեվարձի գներով իրականացնում են ուղևորափոխադրումներ: Ավտոբուսների վարորդները ժամանակ առ ժամանակ  բողոքում են երևույթի դեմ, սակայն հարցը չի կարգավորվում: Խնդրի լուծման նպատակով վարորդները դիմում են հղել տրանսպորտի և կապի նախարարին։

Արմավիրի ավտոկայանից օրական  800- 1000 ուղևոր է փոխադրվում  մարզի տարբեր համայնքներ, որն իրականացվում  է 12 ավտոբուսի և 7 միկրոավտոբուսի միջոցով: Միջին հաշվարկով մեկ շրջապտույտի ընթացքում նրանք 300-350 ուղևոր են փոխադրում:  Մրցույթը շահած 17 երթուղիներից յուրաքանչյուրն անցնում է առնվազն 4-5 գյուղի միջով, սակայն նրանց աշխատանքին վերջին տարիներին  խանգարում են ավտոմեքենա ունեցողները, որոնք  իրականացնում են ապօրինի ուղևորափոխադրումներ ավտոկայանից կամ տարբեր ավտոկանգառներից ավտոբուսների և միկրոավտոբուսների երթևեկությանը զուգընթաց` նույն ուղեվարձով:

Վարորդների համբերությունն  այսօր վերջնականապես տեղի տվեց և նրանք միասին դուրս եկան գործադուլի` հրաժարվելով շահագործել փոխադրամիջոցները: Նալբանդյան-Երևան երթուղին անցնում է Արմավիր քաղաքով, վարորդ Գևորգ Ղազարյանը հաճախ է վիճաբանության մեջ մտնում «ուղևոր փախցնող փափախչիների» հետ, որն էապես ազդում է նրա բարոյահոգեբանության վրա։ Երևույթը նոր չէ, պարզապես վարորդները, գիտակցելով  մարդկանց սոցիալական ծանր վիճակը, որոնք ցանկանում են ընտանիք կերակրել, լռել են: Սակայն ինքնակոչ տաքսիների թիվն շարունակ ավելանում է, որոնց  համար ապօրինի ուղևորափոխադրումը դարձել է հիմնական զբաղմունք։

Երթուղիների շահագործման մրցույթների ժամկետը մինչև դեկտեմբեր լրանալու է, զայրացած վարորդները, որոնք մինչև 30 տարվա վարորդական  հմտություն ունեն, նշեցին, որ հայտ չեն ներկայացնի երթուղիների շահագործման նպատակով։ Վարորդների բողոքին միանում է նաև Արմավիրի ավտոկայանի պետը Լաուրա  Մկրտչյանը՝ առաջարկելով ինքնակոչերին մտնել օրինական դաշտ և չխանգարել հասարակական տրանսպորտի աշխատանքին։

Ցուցադրել ավելի
Back to top button