Վերլուծական

Սիրիական թնջուկը եւ դրա ազդեցությունը Հայաստանի վրա

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Սիրիական խնդրի թնջուկն այսօր հուզում է ոչ միայն արևմտյան երկրներին, այլև տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում և Հայաստանին, քանի որ վերջին բացասական ազդականները, որոնք գալիս են Արևմուտքից` ԱՄՆ-ի քավորությամբ,  երրորդ երկրների միջամտությամբ շուրջ երկու տարի ձգվող ներքին խռովություններին վերջակետ դնելուն են միտված: Օգոստոսի 21-ին միջազգային հանրությունը ցնցվեց Սիրիայից ստացված լուրերից. արևմտյան աղբյուրները սկսեցին փաստարկներ ներկայացնել, որ Բաշար Ասադի կողմնակիցները հասարակ մարդկանաց նկատմամբ կիրառել են քիմիական զենք, որը շուրջ հազար մարդու մահվան պատճառ էր դարձել:

Ռուսաստանի հակընդդեմ ապացույցները չուշացան. հարկավոր է տեղանք ուղարկել ՄԱԿ-ի փորձագետների և տեղում փորձաքննություն իրականացնել, իսկ կատարված ոճրագործությունը ընդդիմադիրների ձեռքի գործն է: ՄԱԿ- ի տեսուչներն արդեն նմուշներ են վերցրել ողբերգության վայրից: ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ տեսուչների խումբը հարցաքննել է քիմիական հարձակման վերապրածներին եւ ականատեսներին և հավաքել նմուշներ այդ վայրում գտնվող երկու հիվանդանոցներից։

Այսպիսով, այժմ, ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի, աշխարհը սպասում է փորձաքննության արդյունքներին, ինչպես նաև որոշ երկրների դրական արձագանքին, որ պատրաստ են ԱՄՆ, Ֆրանսիայի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին օդային հարվածներ հասցնել Սիրիային, ավելի ճիշտ՝ ասադյան ռեժիմին: «Երրորդ համաշխարհային չի սկսվի»,- հանգստացնում է քաղաքական վերլուծաբանը, բայց խառնաշփոթ կանխատեսում է։

Առայժմ լուռ է Պեկինը: Թեհրանն այսօր արձագանքել է Սիրիայի շուրջ արևմտյան երկրների ռազմատենչ հայտարարություններին: «Սիրիա ցանկացած զինված ներխուժում, դրսից այդ երկրի վրա ցանկացած հարձակում «աղետալի հետեւանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աբբաս Արագչին: «Մենք վճռականորեն նախազգուշացնում ենք  ցանկացած զինված միջամտության  ծանրագույն հետեւանքների մասին»,- ընդգծել Է դիվանագետը, ու նշել, որ  այդ քայլի հետեւանքները «չեն պարփակվի սիրիական սահմաններով եւ անխուսափելիորեն կընդգրկեն ամբողջ տարածաշրջանը»:  Շաքարյանցը կարծում է, որ հարձակում լինելու պարագայում Թեհրանի քայլերը կլինեն Արեւմուտքի համարժեք։

Բանախոսը նաև նշեց, որ Արևմուտքում շատ լավ գիտակցում են, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը հանդիպելու է բազմաթիվ դժվարությունների և չի ընթանալու այն սցենարով, որով անցկացվեցին ռազմական գործողությունները Աֆղանստանում և Իրաքում։ «Արևմուտքում շատ լավ պատկերացնում են, որ այսօրվա իրավիճակում, ի տարբերություն Իրաքի, բնակչության առնվազն 50 տոկոսը աջակցում է նախագահ Բաշար Ասադին, այդ թվում և քրդերը»,- վստահեցնում է քաղաքագետը: Իսկ ներխուժման դեպքում կգործի այն սխեման, որը գործեց 2008 թ Հարավային Օսիայում: «Այսինքն, եթե ինչ-որ մեկը պատահաբար կամ դիտմամբ կպչի ռուսական բազային, եթե գոնե մեկ ռուս զինվոր զոհվի, պատասխանը հաստատ չի ուշանա»,- ընդգծում է քաղաքական վերլուծաբանը և ներկայացնում հնարավոր այն բացասական ազդեցությունը, որն իր վրա կզգա Հայաստանը Սիրիայի ուղղությամբ արևմտյան ուժերի օդային հարվածների դեպքում։

«Ցավոք սրտի՝ Հայասատնը այն երկրներից է, որ ցանկացած փռշտոց զգացվում է: Հարավային Օսիայի 5- օրյա պատերազմի ժամանակ դադարեցվեց գազամուղի աշխատանքը, վառելիքի ներկրումը: Հանրավոր է, որ վրացական կամուրջը կանգ չառնի, քանի որ Սև ծովով ոչինչ դեռ նախատեսված չէ: Իսկ կարո՞ղ եք հավաստիացնել, որ Վրաստանը չի միանա ոչ մի զարգացման: Ես` ոչ»,- հայտարարում է Սերգեյ Շաքարյանցը։

Սիրիական թնջուկը կարծես էլ ավելի է խճճվել: Մինչ գերտերություններն իրենց հարձակողական քայլի համար ապացույցներ են ակնկալում ՄԱԿ-ի փորձագետներից, այսօր իր պահանջն է ներկայացրել պաշտոնական Դամասկոսը՝ ի ցույց դնել համապատասխան փաստերը։ «Դա միայն պատրվակ է միջազգային հանրության համար Սիրիա ներխուժելու համար»,- հայտարարել Դամասկոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button