ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյան. Կրթությունը ոչ պակաս կարեւոր է, քան՝ զինված ուժերը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաեւ տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած աշակերտների եւ ուսանողների։ Պետության ղեկավարը շնորհավորել ու նվերներ է հանձնել, մասնավորապես, «Կենգուրու 2013» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողներին, մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտներին, անցած ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաեւ` դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրներին ու ՌԴ կազան քաղաքում կայացած 27-րդ համաշխարհային ունիվերսիադայում մեդալներ նվաճած հայաստանցի ուսանող-մարզիկներին։

«Մեր երկրի զարգացման կարևորագույն ուղղությունն է կրթությունը: Ոչ պակաս, քան զինված ուժերը: Դուք մեր երկիրը ներկայացնում եք դրսում՝ արտասահմանում, դուք մեզ պատիվ եք բերում: Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ մրցել, թող մրցեն կրթության բնագավառում: Բոլոր նրանք, ովքեր խոսում են Հայաստանում կրթական համակարգի փլուզման մասին, թող աչքերը լայն բացեն, ականջներն էլ սրեն ու տեսնեն ձեր հաջողությունները»,- հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը։

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 4-րդ դասարանի աշակերտուհի Մարիետա Դանիելյանը «Կենգուրուի» մրցույթում ցուցաբերել է մարզային լավագույն արդյունքը: Որպես խրախուսանք` մրցանակն է, որ ստացավ նախագահի ձեռքից` գրենական պիտույքներ, շապիկ ու գրեքեր։ Եւս մեկ անգամ ոգեւորիչ պահը ապրելու համար` հերթական մրցույթում հաղթանակն է: Ասաց, որ այսուհետ առավել մեծ ջանքերով է աշխատելու` իր այդ նպատակին հասնելու համար։

Ոսկե մեդալակիրներից մեկը` Յուրի Աբգարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի սան է: Ասաց, որ տպավորված է նախագահի հետ հանդիպումից, որն ացել է շատ անմիջական մթնոլորտում: Յուրին նշեց, որ նպատակ ունի ուսումը շարունակել արտասահմանում: Եթե այդ նպատակը իրականություն դառնա, վստահեցրեց` վերադառնալու է անխտիր եւ աշխատելու է Հայաստանում։

Երեւանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, ոսկե մեդալակիր եւ քիմիայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Վարդգես Ծերունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ իր ունեցած հաջողությունները գնահատվել են եւ ինքն առավել ինքնավստահություն է այժմ ձեռք բերել: Դա իրեն ստիպելու է առավել շատ գիտելիքներ կուտակել, ինչի հնարավորությունն արդեն ձեռք է բերել։ Վարդգեսն արդեն ընդունվել է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան։ Ասաց, որ միաժամանակ առաջարկություն է ստացել նաեւ ուսումը Բոստոնի համալսարանում շարունակելու համար։ Գայթակղիչ առաջարկներ, կարծում է, դեռ կլինեն: Շեշտեց սակայն, որ կան բաներ, որոնք ավելի բարձր են եւ եթե անգամ արտասահմանում ուսումը շարունակելու առաջարկը ընդունի`աշխատանքային գործունեությունը տեսնում է միայն Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button