ԿարևորՄիջազգային

Սիրիա ներխուժումը դառնում է իրական (լրացված)

լրացված ժամը 17։11

Դիպուկահար կրակ ՄԱԿ- ի տեսուչների ուղղությամբ

Սիրիայում ՄԱԿ-ի տեսուչներն այսօր սկսել են հետաքննել Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման գործը։ Նրանք պետք է պարզեն՝ կիրառվե՞լ է քիմիական զենք, թե՞ ոչ և գլխավորը՝ ում կողմից: Զրահաբաճկոններով Դամասկոսի Արևելյան Գուտա ուղևորվող փորձագետների խումբն այսօր դիպուկահարների կողմից հարձակման է ենթարկվել: Բացի այց կրակոցներ են հնչել նաև ՄԱԿ- ի տեսուչների հանգրվանած հյուրանոցի ուղղությամբ:

Պենտագոնը պատրաստ է ուժային գործողության ցանկացած տարբերակի
ԱՄՆ հայտարարել է, որ ՄԱԿ- ի տեսուչներին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման հետաքննությունը թույլատրելու Սիրիայի համաձայնությունը շատ ուշացած է, «քանի որ թունավոր նյութերի օգտագործման ապացույցները բավականին վնասվել են վերջին հինգ օրերի ռմբակոծություններից» հետո։

«Եթե սիրիական իշխանությունները թաքցնելու ոչինչ չունեին եւ ցանկանում էին աշխարհին ցույց տալ քիմիական զենքի օգտագործման հետ իրենց առնչության բացակայությունը, պետք է դադարեցնեին կրակն այդ շրջանում եւ ապահովեին ՄԱԿ- ի մուտքը դեռ հինգ օր առաջ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Վաշինգտոնը հայտարարել է, որ գրեթե չի կասկածում, որ քիմիական զենքը կիրառել են կառավարական զորքերը։ Այս փուլում Միրիայում երրորդ կողմի ռազմական ներգրավման սցենարը գնալով ավելի իրական է դառնում։

Միաժամանակ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը նախօրեին հայտարարել է, որ ամերիկյան բանակը պատրաստ է Սիրիայում ռազմական ուժի կիրառման ցանկացած տարբերակի, եթե նախագահ Օբաման ընտրի սիրական խնդրի լուծման ռազմական ուղին։

Բրիտանական ՌԾՈւ- ն միանում են ամերիկյան ուժերին
«Իրականում ապացույցների մեծ մասը կարող է ոչնչացվել հրետանակոծությունից։ Ապացույցների մի մասը կորսվել է անցած մի քանի օրերին, մնացածը՝ հնարավոր է կեղծել»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուլյամ Հեյգը։

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ- ն հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ- ի զինաթափման հարցերով Գերագույն հանձնակատարի հետ տեսչական խմբի այդ շրջան այցի շուրջը։ Իսկ հանձնակատար Անջելա Քեյնը հայտարարել էր, որ տեսուչները աշխատանքի կանցնեն երկուշաբթի օրը։

Բրիտանական ռազմա- ծովային ուժերը մոտական օրերին պատրաստ են միանալ ամերիկայան ուժերին, եթե Ասադի դեմ սկսվեն ռազմական գործողությունները, The Daily Telegraph – ին հայտնել են կառավարական աղյբուրները։ Նախատեսված է, որ գործողությունները կկրեն թեւավոր հրթիռների կիրառմամբ կետային հարվածների բնույթ։ Ուժի կիրառման ձեւական առիթը սիրիական բանակի կողմից բնակչության նկատմամբ քիմիական զենքի կիրառումն է։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կիրակի օրը ընդհատել է իր արձակուրդը եւ հեռախոսային խոսակցություններ ունեցել ԱՄՆ, Ֆրանիայի եւ Գերմանիայի ղեկավարների հետ։ Կառավարության աշխատակազմի աղբյուրը հաստատել է, որ քննարկվել է խնդրի ռազմական լուծման հնարավորությունը։ Քեմերոնը կարծում է, որ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով ՄԱԿ- ի կողմից նման գործողության համաձայնություն ստանալն արդյունք չի տա։

Ֆրանսիան քիմիական զենքի կիրառման պատասխանատվությունը դնում է Ասադի վրա
Ֆրանսիան կարծում է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը միջազգային հանրության կողմից չպետք է անարձագանք մնա, ինչի մասին Երուսաղեմում հայտարարել է ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը։ «Սիրիայում քիմիական զենքի օգտագործմամբ զանգվածային սպանության համար (Ասադի, խմբ.) վարչակարգը ակնհայտ պատասխանատվություն է կրում։ Այն չպետք է առանց պատասխան մնա։ Այդպիսին է Ֆրանսիայի, ինչպես նաեւ մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը։ Հուսով եմ, որ տեղի ունեցածը վճռական պատասխան կստանա»,- Ֆաբիուսի խոսքերն է մեջբերում Բի Բի Սի- ն։

Հանցագործություն սեփական ժողովրդի դեմ, հայտարարում է Իսրայելը
Իսրայելի վարչապետ Բենիամաին Նեթանյահուն եւս Սիրիայում տեղի ունեցածը որակել է «սիրիական վարչակարգի կողմից սեփական ժողովրդի դեմ հանցագործություն»։

Ռուսաստանը զգուշացնում է ռազմական հարվածի վտանգավոր հետեւանքներից
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ամերիկացի պաշտոնակցի՝ Ջոն Քերիի հետ հեռախոսային զրույցում ընդգծել է, որ Սիրիայում ռազմական հնարավոր ինտերվենցիան չափազանց վտանգավոր հետեւանքներով է հղի Մերձավոր Արեւելքի համար։

Ռուսական կողմը ԱՄՆ- ին կոչ է արել զերծ մնալ Դամասկոսի վրա ուժային գործողությունից, չտրվել սադրանքների եւ ձգտել այժմ երկրում գտնվող ՄԱԿ- ի տեսուչների համար ապահովել աշխատանքի նորմալ պայմաննե։ Սա առավել հրատապություն է ստանում բազաթիվ վկայություններից հետո, թե Արեւելյան Գուտայում միջադեպը ընդդիմության կազմակերպածն է պաշտոնական Դամասկոսին մեղադրելու համար, ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ- ն։ Քերրին խոստացել է ուշադիր ուսումնասիրել ռուսական կողմի փաստարկները։

Ասադը ԱՄՆ- ին ձախողում է խոստանում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄՆ որոշի հարվածել կամ ներխուժել Սիրիա, ապա կձախողի այնպես, ինչպես նախկինում սանձազերծած պատերազմներում։

Նա հերքել է կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին մեղադրանքները։ «Նման տիպի մեղադրանքները բացառապես քաղաքական են, իսկ պատճառը ահաբեկինչների դեմ կառավարական զորքերի մի շարք հաղթանակներն են»,- ասել է Ասադը։

Back to top button