Մշակույթ

Պատերազմը պետք է ցույց տալ մարդկանց միջոցով, ասում է կինովավերագրողը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/260813KINO.mp3
«Ոմանք փորձում են գեղեցկացնել, ծաղկեցնել պատերազմը, բայց հավատացեք, այն բոլորովին գեղեցիկ չէ»,-ասում է ռեժիսոր Արմեն Խաչատրյանը: Նրա ձևակերպմամբ՝ Հայրենական պատերազմին նվիրված լավագույն ֆիլմերում  կռիվ-կռիվ ասվածն իրականում այնքան էլ մեծ տեղ չի զբաղեցնում: Պատերազմը պետք է ցույց տալ մարդկանց միջոցով, նաև մեր օրերում ապրող ու մաքառող մարդկանց միջոցով։

Ռեժիսոր Արմեն Խաչատրյանի  վերջին աշխատանքը «Իմ սահմանը» ֆիլմն է, որը նկարահանել է 2012-ին: Այն Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ապրող մարդկանց մասին է, մարդիկ, ովքեր չավարտված պատերազմի ամենօրյա մաքառումների մեջ են, մեր այսօրվա ամենացավոտ  թեմայի՝  դատարկվող սահմանամերձ գյուղերի  մասին:

Իր առաջին լուրջ աշխատաբքը կինոյում համարում է  Մարգարետ Թետչերի մասին պատմող ֆիլմը: Այն կոչվում էր «Ընդամենը չորս ժամ».  88-ի երկրաշարժի օրերին  հենց այդքան ժամանակով էր Թետչերն այցելել Հայաստան: Նա իսկապես «Երկաթե լեդի» էր, հզոր անձնավորություն: Պատմությունը ցույց է տալիս, որ նման մարդիկ մեծ հակասությունների ամբողջություն են, ասում է ռեժիսորը:

Խորհրդային Միության փլուզումից հետո կինոյի համար ծանր ժամանակներ էին: ֆիլմեր գրեթե չէին ստեղծվում, բայց այդ ժամանակ էր, որ Արմեն Խաչատչյանը մեկնեց Արցախ ու դարձավ արցախյան պատերազմի վավերագիրներից մեկը: «Դա տարեգրություն էր, որի փոխանցումը մեր պարտքն էր։ «Հայք» կինոստուդիայի օպերատորներից շատերը մեկնեցին Արցախ: Շուշիում անգամ մեզ տուն էին տրամադրել, հերթով գնում էինք, նկարահանումներ կատարում: Արցախում  ստեղծված իմ առաջին ֆիլմը կոչվում էր «Արցախի վարպետները>»: Դեռ 88-ին, ռեժիսոր Արա Մնացականյանի հետ գնացինք Արցախ, անգամ Ֆիզուլի հասանք: Հետո էինք մտածում, թե ինչպիսի մեծ արկածախնդրություն էր դա, բայց եթե նման բաների մասին երկար մտածես, չես կարող գնալ ու պատերազմ նկարել: Պատերազմի օրերին հսկայական նյութ է նկարվել: Մենք անգամ չէինք մտածում, որ դրանք ֆիլմ են դառնալու: Միակ մտահոգությունն այն էր, որ ամեն ինչ ժապավենին հանձնենք: Հասկանում էինք, որ իրավունք չունենք որևէ բան բաց թողնել»,- պատում է նա։

Նկարահանված նյութերի մի մասը ֆիլմերի են վերածվել, մնացածը՝ պահպանվում է: Ասում է`շատ տեսարաններ այսօր էլ դաջված են հիշողության մեջ: Հիշում է Շուշին՝ ազատագրումից մեկ շաբաթ անց: Դա նման էր Ստալինգրադին:  Ամենացավոտ հիշողությունները կապված են Շահումյանի, Գետաշենի հանձնման հետ: Պարտված լինելու ցավն ամենասարսափելին էր:

Համշենահայերի մասին պատմող նրա «Մենք կանք» ֆիլմը  գուցե ևս, ինչ որ առումով  պատերազմի մասին է: «Չէ՞ որ նրանք ամեն օր կռիվ են տալիս իրենց տեսակը պահպանելու համար: Խոսքը միայն համշենահայերի մասին չէ»: 2010-ին  նկարահանումներ են կատարվել նաև Վանում, Մուշում, Դերսիմում: Ֆիլմը Թուրքիայի տիրապետության տակ գտնվող մեր պատմական հողերի վրա ծպտյալ ապրող հայերի մասին է, մարդկանց, ովքեր Ցեղասպանությունից հետո բռնի մահմեդականացվել են, կամ էլ արդեն հարյուր տարի իրենց պապենական հողերում ապրում են որպես թուրք կամ քուրդ: Այս ֆիլմում հաջողվեց խախտել նրանց լռությունը, ցույց տալ «ժողովրդավարական» Թուրքիայի իրական դեմքը:

«Համշենահայերի մեծ մասը չեն կորցրել իրենց ինքնությունը: Թեկուզև մահմեդականացված՝ ուզում են հայ համարվել: Նրանք կառչած են իրենց հողին, ավանդույթներին: Շատերը երազում են իրենց երեխաներին հայաստանցիների հետ ամուսնացնել: Իսկ միջավայրը չափազանց վտանգավոր է ու թշնամական»,- պատմում է Արմեն Խաչատրյանը, ում, ինչպես ասում է,  ցնցում է հայաստանցիների  վերաբերմունքը համշենահայերի  նկատմամբ: «Շատերը բաժանարար գիծ են դնում՝ նրանք ու մենք: Եթե այդ նույն մարդիկ երկու օր ապրեն այնտեղ, որտեղ հետևիցդ «գյավուր» են գոռում և եթե իմանան, որ հայ ես կամ քիրստոնյա, տեղում վիզդ կկտրեն, այլևս այդպես չեն խոսի: Այդ մարդիկ մեր հողն են պահել, եկեղեցիները, հիշողությունը, անցյալը, ինչ որ հնարավոր էր պահել այդ  միջավայրում, պահել են»,-ասում է ռեժիսորը։

Մասնագետներն ասում են, որ անկախության տարիների հայ կինոյի ամենամեծ նվաճումը  վավերագրական կինոն է: Ռեժիսոր Արմեն Խաչատրյանը կիսում է այս տեսակետը։ «Համաձայն եմ: Վավերագրական կինոն ես ոչնչի հետ չեմ փոխի, մենք յուրօրինակ պատմաբաններ ենք: Եթե հարյուր տարի հետո մարդիկ մեր ֆիլմերը դիտեն, հստակ պատկերացում կկազմեն այսօրվա իրականության մասին: Իսկ իրական արվեստը ոչ միայն ներկայացնում է իրականությունը, այլև իմաստավորում է այն: Իսկ հայ կինոյի առանցքային խնդիրն այն է, որ գոյություն չունի կինոքննադատություն ասվածը: Ոչ լավն են գրում, ոչ՝ վատը: Առողջ կինոքննադատությունն է ստեղծում լավ կինոն»:

«Հայատանում ռեժիսորը տասը տարին մեկ  խաղարկային ֆիլմ է նկարում, այսպիսի պայմաններում որակ չի կարող լինել: Լավ արվեստագետներին չեն աջակցում, փոխարենը՝ հիմար նախագծերի համար հսկայական գումարներ են փոշիացվում: Սերիալներ են ծնվում, որպեսզի   բթացնեն  մարդկանց ուղեղները»,-ասում ռեժիսորը: 

Ցուցադրել ավելի
Back to top button