Հասարակություն

Նպատակը՝ Հայաստանում արդյունաբերական քիմիայի վերականգնումն է

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Քսան տարբեր երկրների գիտնականների մասնակցությամբ գիտաժողով` նվիրված Հայաստանի ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին. նման ներկայացուցչական գիտաժողովներ Հայաստանում անցկացնելը հնարավոր է դարձել մեր երկրի գիտության կաճառի աշխարհում ունեցած հեղինակության շնորհիվ, կարծում է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Քիմիան Հայաստանի զարգացած ճյուղերից է եղել, որ նպաստել է տնտեսության զարգացմանը: Ռադիկ Մարտիրոսյանը ցավով է նշում, որ ներկայումս մեր տնտեսության զարգացումը կոնկրետ քիմիայի բնագավառում ցածր մակարդակ ունի: Դեռեւս հնարավոր չի եղել վերագտնել այն մակարդակը, որն առկա է եղել մինչեւ  անկախությունը: Մինչդեռ՝ Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ տնտեսության այս ճյուղը Հայաստանում պետք է զարգանա։

ԳԱԱ ակադեմիկոս, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ Աշոտ Սաղյանը նկատեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո քիմիայի բնագավառում նման ծավալի գիտաժողով տեղի չի ունեցել, որին մասնակցեն բնագավառի աշխարհի խոշորագույն գիտնականները: Վերջիններիս զեկույցները, ըստ Աշոտ Սաղյանի, կարեւոր են հատկապես երիտասարդ մասնագետների համար։

Գիտաժողովի կազմակերպիչներից Խրոնինգեյնի համալսարանի մոլեկուլյար գիտությունների վաստակավոր պրոֆեսոր Բեն Ֆերինգանի փոխանցմամբ` ընտրել են Հայաստանը, քանի որ ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ ու զարգացնել ոչ միայն քիմիան, այլեւ` ամբողջ գիտահետազոտական ոլորտը: Նա նշեց, որ Նիդեռլանդների համալսարանում իրենք շատ լավ ծանոթ են հայազգի Սյուզաննա Հարությունյանի գործունեությանը, որը Հայաստանում է իր քիմիական կրթությունը ստացել, ապա դրանք կիրառել ու զարգացրել է Նիդեռլանդներում։

«Այս գիտաժողովում աշխարի 20 երկրի լավագույն քիմիկոսները ներկայացնելու են բնագավառում իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք միտված են քիմիական արդյունաբերության զարգացմանը: Մենք գիտենք, որ Հայաստանում ժամանակին քիմիան բավականին զարգացած ճյուղ է եղել եւ այս գիտաժողովի նպատակներից մեկն էլ այն է, որ նպաստենք դրա վերականգնմանը»,- ասում է Ֆերինգանը։

Մենք զրուցեցինք նաեւ ԵՊՀ շրջանավարտ, այժմ Նիդեռլանդների Խրոնինգեյնի համալսարանի պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանի հետ: Մեր նպատակներից մեկն այն է, որ կարողանանք համագործակցություն ստեղծել հայ եւ արտասահմանցի գիտնականների միջեւ, ասաց պրոֆեսոր Հարությունյանը` հավելելով, որ արդյունքում կարող է հնարավորություն ստեղծվել, որպեսզի հայաստանցի գիտնականները, նաեւ` երիտասարդ, ձեռք բերեն լավագույն փորձը, որ ունեն այս բնագավառում արտասահմանցի գիտնականները։

Back to top button