Հասարակություն

Կուզեի եկեղեցի կառուցելու փոխարեն գործարաններ կառուցվեին, ասում է սփյուռքահայ Աստղիկ Սարվալյանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/260813SPYURQ.mp3
Հեռավոր Ավստրալիայում ապրող հայերի խնդիրներն ու մտահոգությունները կիսելով «Ռադիոլուրի» հետ զրույցում, Երեւանում և Սիդնեյում բնակվող Աստղիկ Սարվալյանը ցավով նշում է, որ հայաստանցի երիտասարդների մեծ մասը ցանկանում է հեռանալ հարենիքից։ 
«Կուզենայի, որ աշխատատեղեր շատ լինեն, եկեղեցի կառուցելու փոխարեն գործարաններ կառուցվեին, որ հայ երիտասարդները չփափագեին հեռանալ հայրենիքից»,- ասում է Աստղիկ   Սարվալյանը։

Տիկին Աստղիկն արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնու հետ տարվա վեց ամիսը Հայաստանում է  անցկացնում,  վեց ամիսը՝ Ավստրալիայում: Սիդնեյի թաղամասերից մեկում, որտեղ բնակվում է զրուցակիցս, հայեր ընդհանրապես չկան: Սակայն երեք հայկական դպրոցներում շուրջ 500 երեխա է հաճախում, Սիդնեյում նաև  հայկական ակումբ է գործում, որտեղ  ամիսը մեկ անգամ  հավաքվում են հայերը։ Զրուցակիցս ցավով է նկատում, որ   հայ երիտասարդները ակումբ չեն հաճախում, բոլորը ծերեր են, լավ ժամանակ, իհարկե անցկացնում են, անգամ հայկական խորովածի բույրն են շնչում, «
իսկ երեխամայրերը չեն գալիս, չգիտեմ ինչու, ասում են հաճելի չի , բոլորը ծերեր են, հիմա ջանում են երիտասարդներ հավաքել, օգնում եմ»։

Վերջին տարիներին Ավստրալիայում հաստատված հայ ընտանիքների կամ, ինչպես զրուցակիցս է բնութագրում, նոր սերնդի  համար շաբաթօրյա դպրոց է գործում:  Երեխաներին տանում են, գրել-կարդալ սովորեցնում: Տիկին  Աստղիկը, ու ոչ միայն, հեռավոր Ավստրալիայում  հայկական եթեր են ուզում դիտել , կարոտ են հայերեն մաքուր խոսքին։ Հայկական եթերի ու  էլի շատ բաների բացը  լրացնելու նպատակով արդեն մի քանի տարի է, որ տարվա կեսը հայրենիքում են անցկացնում: Այստեղ սեփական բնակարան ունեն, Երևանում  իրենց լավ են զգում, բայց դա չի խանգարում, որպեսզի տեղացի հայ հարևանները երբեմն վիրավորական խոսքեր հնչեցնեն Երևանով ու ընդհանրապես Հայաստանով , հայրենիքի  հոգսերով ապրող ամուսինների  հասցեին

«Մի օր խոսում էի, էն կողմից հարցրեցին ում հետ ես խոսում, ասեց Աստղիկի, նա էլ,  թե ո՞ր Աստղիկի ՝ պարսի՞կ: Ես էլ կատաղեցի։ Այ մարդ, ինչի ես ասում պարսիկ: Հայկական դպրոց ենք գնացել, եկեղեցի ենք գնացել պարսիկների հետ էլ երբևէ չենք շփվել»։ Բայց ոչինչ, գիշերը որ քնում ես, առավոտը մոռանում ես ու էլի քեզ քո  հայրենիքում ես զգում»։

Այդուհանդերձ՝ մեր հայրենակիցն իրեն հայրենիքում  է ավելի լավ զգում, շրջում է ողջ Հայաստանով,  իրենն է համարում մեր երկրի հոգսերը, ուրախանում  բոլորի հաջողությամբ, մեծ սիրով  ծանոթանում, հետո իր երևանյան բնակարան է հրավիրում, մտերմանում  յուրաքանչյուր հայի հետ, ով ցանկանում է դա: «Անկեղծ ասած, ես ինձ այստեղ եմ լավ զգում։ Ամբողջ օրը շրջում եմ Երևանում, քայլում եմ,ամեն ինչ ինձ հաճելի է։ Ճիշտ է,  տհաճ բաներ տեսնում եմ, առավոտ շուտ, որ դուրս եմ գալիս ու մեր փողոցում աղբ եմ տեսնում, հավաքում եմ ու դրանից ինձ վատ չեմ զգում, ամոթ չեմ զգում, սիրում եմ մաքուր լինի։ Մեկը աղբ է թափում՝ բողոքում եմ»։

Աստղիկ   Սարվալյանը  ցավ է ապրում, որ  մեր երկրում  Հայաստանից մեկնել  ցանկացողների թիվը բավականին շատ է, սա զրուցակիցս գործազրկության  հետ է կապում, ցանկանում է, որ  աշխատատեղեր իրականում լինեն,  հիշում է, թե իրենք ինչ ծանր օրեր են անցկացրել օտար հողում։ «Կուզենայի, որ աշխատատեղեր շատ լինեն: Երիտասարդի կամ միջին տարիքի որևէ մեկի հետ որ խոսում ես, ասում են ստեղ ինչ ա, դուք ինչու՞  եք գալիս, ստեղ ի՞նչ եք տեսնում: Ուզում ենք մենք էլ ձեզ նման գնալ դրսում ապրել, գնանք օտար երկիր, գանք  Հայաստան,  հանգստանանք: Հարցնում եմ՝ դուք գիտե՞ք մենք ինչքան նեղություններ ենք քաշել: Առավոտից գիշեր շատ դժվար աշխատել ենք, հինգ րոպե պիտի թեյի ժամանակ ունենաս, կես ժամ՝ ճաշի, և ոչ թե ժամերով նստես: Կուզենայի եկեղեցի կառուցելու փոխարեն գործարան կառուցեին,որ մեր երիտասարդները այսքան չփափագեին գնալ օտար երկիր»։

Սալմաստ գավառի Մալհամ գյուղում   ծնված, Թեհրանում սովորած ու Ավստրալիայում ապրող տիկինը ցավ է ապրում  ծննդավայրի համար: «Գյուղի օդը շատ լավն էր»,- հիշում է, տխրությամբ նկատում, որ մի քանի հարյուր հայկական ընտանիք ունեցող Մալհամում միայն երկու հայկական տուն է կանգնում մնացել։ «Մեկը մերն է, մյուսը՝ մեր հարևանի՝ Միքայել Արմաղանյանի տունն է, որ ամառները գնում, նայում ենք: Միշտ հայկական գրքեր են մեզ համար ծնողներս կարդացել։ Եթե  առիթ լինի, անպայման այցելեք մեր գյուղ»,- խորհուրդ է  տալիս  տիկին Աստղիկն ու վստահեցնում՝ «հայերին քյուրդերը  լավ աչքով են նայում»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button