ԿարևորՀասարակություն

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերու հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները օգոստոսի 23-ին հանդիպել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերի Ֆիրուզ Ֆարաջեւի հետ, հաղորդում է «Արմենպրեսը»։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից գործակալությանը տեղեկացրել են, որ հանդիպման ժամանակ իրենք գերուն ծնողների կողմից նամակ են փոխանցել։

Ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջեւը 2012թ. հուլիսի 26-ին` առավոտյան ժամը 06:00-ին, Թովուզի շրջանից հատելով Հայաստանի Հանրապետության սահմանը` ինքնակամ գերի էր հանձնվել հայ սահմանապահներին` սպիտակ դրոշը ձեռքին: Նա հրաժարվել էր վերադառնալ Ադրբեջան եւ մինչ օրս Հայաստանում է։

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հերթական անգամ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչին, որի ժամանակ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչին հայտնել է, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և հայտնել Ադրբեջան վերադառնալու ցանկություն: Ֆարաջևը նաև շուտափույթ հանդիպում է խնդրել Հայաստանում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button