ԿարևորՀասարակություն

Հետին թվով ձևակերպված ակտիվություն. ուսանողները շարունակում են բողոքել վարձավճարների բարձրացման դեմ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հետին թվով ձևակերպված ակտիվություն. կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր տնտեսագիտական համալսարանում բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այսպես է բնորոշել վերջին օրերին բուհերում ուսման վարձավճարների բարձրացման դեմ սկսված շարժումը: Նախարարը երիտասարդներին կոչ արեց հատկապես բուհերի շենքերի ներսում զերծ մնալ   քաղաքական ակտիվությունից, «իսկ  բուհից դուրս   դուք ազատ եք, խնդրեմ, քաղաքական ակտիվ մարդիկ եք»- ասաց Աշոտյանն ու նույն շենքի ներսում անուղղակի, սակայն որոշ քաղաքական հայտարարություններ ինքն էլ հնչեցրեց։

«Թեպետ  ուսանողներն ի պատիվ իրենց հեռու են պահում քաղաքական շրջանակներից, թույլ չեն տալիս, որ որոշ քաղաքական ուժեր փորձեն ռեինկարնացիա ապրել ուսանողական դժգոհությունների, դարդի, պրոբլեմի ֆոնի վրա, չնայած այդ մարդիկ այդ ցանկությունը ունեն, բայց ես վստահ եմ, որ դուք չեք ծառայելու ոմանց քաղաքական վարկանիշերի վերակենդանացման անշնորհակալ գործին։ Վերջիվերջո, ձեր խնդիրները լուծելու ենք մենք, ձեր հոգսը գիտենք ու թեթևացնելու ենք մենք, մենք ձեզանից օգտվելու ցանկություն չունենք, ի տարբերություն իմ հիշատակած ու ձեզ քաջ հայտնի քաղաքական շրջանակների։ Երիտասարդ արյունը չի կարող վերակենդանացնել քաղաքական դիակի ճանապարհ բռնած բազմաթիվ քաղաքակն գործիչների»։

Արմեն Աշոտյանը մի քանի անգամ հիշեցրեց ու շեշտեց, որ ուսանողների առջև ծառացած  սոցիալական խնդիրները լուծելու է կառավարությունն ու կրթության ու գիտության նախարարությունը: Որպես ասվածի ապացույց նախարարը ներկայացրեց բոլոր այն ծրագրերը, որոնք թույլ չեն տալու, որպեսզի   լավ սովորող  որևէ ուսանող դուրս մնա բուհից սոցիալական խնդիրների պատճառով։ «Ոչ  պետությունը, ոչ էլ բուհերը չեն պատրաստվում սպասարկել վատ սովորող ուսանողի կրթության իրավունքը: Հետևաբար՝ մենք ստեղծում եք նաև մոտիվացիա, լրացուցիչ խթան ենք ուզում ստեղծել ուսանողների համար, որ լավ սովորեն»։

«Լավագույն ուսանող»  մրցույթ՝ շոշափելի մրցանակային գումարով, «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների լավագույն ուսանողների ուսման վարձի զեղչեր 50-100 տոկոսով, մատչելի ուսանողական վարկեր ու ոչ միայն. պետությունը նախատեսում է  տնտեսության ու  հասարակության համար գերակա մասնագիտությունների գծով  ավեալցնել պետպատվերի տեղերն ու  հավելյալ անվճար կրթություն ստանալու իրավունք ընձեռել կրկին  լավագույն ուսանողներին։

Հանդիպմանը մասնակից ուսանողների մեծ մասը գրեթե բառացի կրկնում էր նախարարի՝ օրեր շարունակ հնչեցրած միտքը՝ լավ կրթությունը պետք է լավ գին ունենա։ «Պետք  է նաև փաստենք, որ որակյալ կրթությունն առանց որոշակի գումարի անհնար է ստանալ: Եթե վերցնենք մի քիչ ավելի զարգացած երկրների օրինակը, ապա կտեսնենք, որ մեր կրթական համակարգը շատ ավելի մատչելի է, քան զարգացած երկրների տարբեր կրթօջախները, ընդ որում՝  չդասակարգելով ոչ պետական ու պետական, քանի որ մեզ մոտ որակյալ կրթությունը ասոցացվում է միայն պետական բուհերի հետ»,- ասում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը։

Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արագած Պետրոսյանը  համամիտ չէ վարձավճարների թանկացման հետ, անհամաձայնության համար նա իր բացատրությունն ունի։ «Բարձացումներին, իհարկե ոչ, քանի որ այսօր մեր պետությունն այն վիճակին չէ, որ կարողանա բոլորին աշխատանքով ապահովի, որ ծնողները կարողանան ուսանողների վարձերը վճարել»,- ասում է նա։

Կրթության ու գիտության նախարարն իր խոսքում նշեց, որ հանդիպումներն ուսաողների հետ շարունակական են  լինելու։

Ցուցադրել ավելի
Back to top button