Հայկական կողմը դեմ է Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու ցանկացած փորձի


«Դ.Տոնոյանը մասնավորապես մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, և որ առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ իրավասու մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների հարցերով միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս ոչ մի կերպ չեն արձագանքում ադրբեջանական ամենաթողությանը:
Դ.Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը կրկին վերահաստատում է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, և մտադրված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին դիմել` վերջինիս գրասենյակի ներգրավման դեպքում, Ինջիղուլյանին վերջնականապես հավաստիացնելու, վերը նշվածի վերաբերյալ: Հարկ է նշել, որ նախկինում ադրբեջանական գերությունից վերադարձված ոչ մի ՀՀ քաղաքացի քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
Հայկական կողմը գտնում է, որ Հ. Ինջիղուլյանի շուտափույթ վերադարձի հարցով հնարավորինս ակտիվ ներգրավվածությամբ պետք է զբաղվեն միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ինչպես նաև դեմ է նրան երրորդ երկիր տեղափոխելու ցանկացած փորձի՝ այն համարելով անհիմն և ոչ արդարացված: