Հասարակություն

Բագարանից Արմավիր ավտոբուսային երթուղին չի գործում. ոչ ոք չի ուզում այն շահագործել

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր
Արմավիր-Բագարան-Երվանդաշատ երթուղին արդեն 3,5 ամիս պարապուրդի է մատնված, այսինքն երթուղին սպասարկող ուղևորափոխադրողը հրաժարվել է սպասարկել Արմավիրի մարզկենտրոնից շուրջ 40 կմ հեռավորությամբ գտնվող և այլ բնակավայրերից կտրված գյուղերին: Օրական 2 երթ կատարող միկրոավտոբուսը գրեթե դատարկ է եղել, չի ապահովել շահագործման ծախսերը և վաղաժամկետ դադարեցրել է գործունեությունը:

Պարզվել է, որ վնասով աշխատելու պատճառով սահմանամերձ համայնքների երթուղիների սպասարկումից շատ կարճ ժամկետում հրաժարվել են մի քանի անհատ ձեռներեցներ, որոնք ժամանակավորապես փորձել են շահագործել հիշյալ երթուղին: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Աղաջանյանը ներկայացնում է , որ երթուղին տարիներ առաջ սպասարկել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը, որից հետո բնակիչների դիմում-խնդրանքով նոր մրցույթի արդյունքում այն փոխարինվել է միկրոավտոբուսով։

Մրցույթի պայմանագրային ժամկետը չլրացած՝ 3 տարի 2 ամիս անց անհատ ձեռներեցը մի քանի անգամ իր դիմումի համաձայն հրաժարվել է երթուղու շահագործումից` մեծ ծախսերի պատճառով: Այս տարվա գարնանից բագարանցիների ու երվանդաշատցիների երթևեկությունը դեպ մարզկենտրոն ապահովում են գյուղից քաղաք գնացող ավտոմեքենա ունեցողներկ, իսկ հնարավորության դեպքում ոմանք նաեւ տաքսի են պատվիրում։

Շրջկենտրոնից կտրված համայնքների բնակիչները հաճախ են բարձրաձայնել` պահանջելով ապահովել փոխադրամիջոցով, սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում: Մարզպետարանի տրանսպորտի բաժնի մասնագետի տեղեկացմամբ՝ ապրիլից մինչև օրս արդեն 4-րդ անգամ Արմավիր-Բագարան-Երվանդաշատ երթուղու շահագործման նպատակով մրցույթ է հայտարարվել, բայց ոչ ոք հայտ չի ներկայացրել: Հերթական մրցույթը կայանալու է սեպտեմբերի 10-ին։

Մի քանի օրով փորձնական այլ երթուղիներ սպասարկող միկրոավտոբուսներ են աշխատել գյուղում, սակայն նրանք նույնպես հրաժարվել են՝ դարձյալ նույն պատճառներով, որը չի մարում նույնիսկ վառելիքի ծախսը: Բացի այդ՝ բնակիչները շատ հաճախ պարտքով են երթևեկում: Արշավիր Աղաջանյանը նշեց, որ գյուղացիները մինչև օրս երեք հարյուր հազար դրամ պարտք են մնացել «ՊԱԶ» ավտոբուսի վարորդին, որը կուտակվել է տարիների ընթացքում: Խնդրի լուծումը գրեթե մտել է փակուղի: Արշավիր Աղաջանյանի փոխանցմամբ՝ խնդիրը փորձում են լուծել տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ նոր միջմարզային Երևան-Արմավիր-Բագարան-Երվանդաշաը երթուղի ավելացնելով, սակայն սա դեռ նախագիծ է։

Մարզի գրեթե բոլոր համայնքներն ապահովված են ուղևորատար փոխադրամիջոցներով, որը կապում է ոչ միայն մարզկենտրոնի, այլև մայրաքաղաք Երևանի հետ, բայց այստեղ նույնպես կան խոչընդոտներ: Հասարակական տրանսպորտի աշխատանքին խանգարում են մասնավոր տաքսիները, որոնք տրանսպորտի վճարման գներով կատարում են ուղևորափոխադրումներ նույն կանգառից: Խնդիրը հաճախ առաջ է բերում վարորդների զայրույթը,  իսկ լուծումը տաքսիների համար 1 կմ փոխադրավարձի արժեքի հստակեցումն է։

Հավելեմ, որ Արմավիրի մարզում ուղևորափոխադրաման արժեքը նույնն է մնացել և չի բարձրացել, իսկ առջևում սեպտեմբերի մեկն է, ինչն ինքնին ենթադրում է մեծ ուղևորահոսք դեպի Արմավիրի մարզկենտրոն և մայրաքաղաք, սակայն բագարանցիների, երվանդաշատցիների, ինչպես նաև հարակից Վանանդի և մյուս համայնքների բնակիչների համար այն դեռ մնում է հիմնախնդիր։

Ցուցադրել ավելի
Back to top button