ԿարևորՀասարակություն

Ազատամարտիկները կառավարությանն առաջարկում են ամեն ամիս ինչ որ քայլ ձեռնարկել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երևանից՝  մարզեր. կամավորական ազատամարտիկներն իրենց բողոքի ակցիաները մայրաքաղաքից հանրապետության շրջաններ են տեղափոխել: Նրանց մի մասն այսօր Վանաձորում է նստացույց կազմակերպել, մի քանիսն էլ լրագրողների հետ են հանդիպել ու կրկին իրենց խնդիրներին ու պահանջներին անդրադարձել։ Արցախյան  ազատագրումից անցել է ավելի քան 20 տարի, սակայն կամավոր ազատամարտիկների խնդիրները շարունակում են չլուծված մնալ:

Կառավարության ուշադրությունը խնդիրների լուծման վրա հրավիրելու համար մի խումբ  ազատամարտիկներ այս տարվա մայիսի 10-ից պարբերաբար նստացույցներ են կազմակերպում։ Անցած ավելի քան չորս ամիսների ընթացքում ազատարտիկները մի քանի անգամ հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Նրանք   իրենց առաջարկություններն են  ներկայացրել մեր երկրի պատկան մարմիններին։ Այսօր նրանք նշում են, որ, ինչպես ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն է ասում «սայլը տեղից շատ դժվարությամբ շարժվեց»։ Այս ընթացքում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը փորձում է նախ ազատամարտիկների ցուցակները ճշգրտել:

Կառավարությանը ներկայացրած  սոցիալական փաթեթով կամավոր ազատամարտիկները     ՀՀ -ից կարգավիճակ են պահանջում։ «Նրանք որևէ մեկի հրամանով չեն մեկնել Արցախ, այլ գիտակցել են, որ պետք է պատերազմ մեկնեն , կռվեն հանուն հայրենիքի.- ասում է ազատամարտիկը։ Նրանք արժանապատիվ կենսաթոշակ են պահանջում այն մարդկանց ընտանիքների համար, ովքեր զոհվել են պատերազմում, մարտական գործողությունների ժամանակ, «կամ նրանք, ովքեր ոչ զոհվել են, ոչ էլ վիրավորվել, նրանց էլ է դա վերաբերում, այսինքն մինիմալ զամբյուղի չափով որոշակի գումար,   որպեսզի նրանք զգան, որ ՀՀ կառավարությունը դեմքով թեքվել է դեպի Հայաստանի համար առողջություն կորցրած և ընդհանրապես այն տղաները, որոնք պայքարել են ու կանգ չեն առել»,- ասում է Կարեն Մելիքբեկյանը։ Պետք է գիտակցենք ու գանք մի գաղափարի՝ փրկությունը միասնության մեջ է, անձնական շահ չկա, ասում է նա։ Ազատամարտիկները գիտակցում են, որ իրենց բարձրացրած հարցերը միանգամից չեն կարող լուծում ստանալ, ուստի և կառավարությանն առաջարկում են  ամեն ամիս ինչ որ քայլեր ձեռնարկել:

Ազատամարտիկ Հովիկ Բարդումյանը վստահ  է՝ ցանկության դեպքում միջոցներ կգտնվեն։ «Կարծում եմ, որ մեր իշխանությունը, մեր կառավարությունը  կարող են միջոցներ գտնել ու հաստատ դրանք կան: Բոլորս էլ գիտենք, թե կոռուպցիան ինչ աստիճանի է հասել, հասարակական միջոցներն ինչ շռայությամբ են օգտագործվում անկարևոր գործերի վրա։ Իհարկե՝ միջոցներ կան, եթե ցանկանան, միջոցներ շատ կան»,- ասում է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button