Վերլուծական

Ադրբեջանում ազատ ընտրություններ հնարավոր չեն, սակայն արաբական սցենարը հնարավոր է

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Ադրբեջանի սպասվող ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը ոչ թե կամովին է հրաժարվել ընտրություններին մասնակցելուց, այլ` պարտադրված։ Այս համոզմունքին է Ադրբեջանահայերի  ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, որ նույնպես հայտ է ներկայացրել մասնակցելու Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում նա նշել է, որ ընդդիմությունը հիմա փնտրտուքների մեջ է, թե ով կարող է փոխարինել Իբրահիմբեկովին, մինչդեռ, ըստ նրա, ադրբեջանական ընդդիմությունը մտածելու բան չունի եւ կարող է համախմբվել իր թեկնածության շուրջ:

Նա նկատեց, որ, ըստ էության, Ադրբեջանում ընդդիմադիր ֆավորիտ թեկնածու չի մասնակցելու ընտրություններին եւ նման պարագայում իր շանսերն ավելի են աճում։ «Եթե այդպես չանեն, ուրեմն նրանք Իլհամ Ալիևի կողմնակիցներն են», ասաց։

Գրիգորի Այվազյանը փոխանցեց, որ Ադրբեջանում թեկնածուների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 9-ն է եւ եթե բացասական որոշում լինի, ապա դա կնշանակի, որ Ալիևն ընդունել է քաղաքական որոշում, որ Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը խոչընդոտում է իրեն։ Գրիգորի Այվազյանի փոխանցմամբ` իր վրա ճնշումներ են գործադրվում ինչպես Բաքվից, այնպես էլ Հայաստանում` իր որոշումից հետ կանգնելու համար։ Նա նշեց նաեւ, որ առաջիկայում կբացահայտի, թե ովքեր են Հայաստանում ճնշում գործադրում իր վրա։ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը, սակայն, վստահեցրեց` ինքն անդրդվելի է։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի համար նախընտրելի թեկնածուն Իլհամ Ալիևն է` Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը նկատեց, որ թշնամի պետության ղեկավարի կողմից նման սատարումը մեկ բան է նշանակում, «դա մեծ հարված էր Ալիևի ժողովրդավարությանը»։

Գրիգորի Այվազյանը հայտարարեց, որ պատրաստ է Բաքու մեկնել` անկախ այն բանից, որ Ադրբեջանը չի պատրաստվում անվտանգության երաշխիքներ տրամադրել իրեն:

Խոսելով Ադրբեջանում սպասվող ընտրությունների մասին` ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նկատում է, որ Ռուստամ Իբրահիմբեկովի շուրջ տարբեր խոսակցություններ են արդեն ծավալվել: Վերջինս միակ ուժն էր, որ իրապես կարող էր դիմադրություն ծավալել Ալիեւի դեմ: Նրա չմասնակցելը եւ այդ առթիվ խոսակցություններն արդեն պառակտման են տանում ադրբեջանական ընդդիմությանը։

Ադրբեջանագետի փոխանցմամբ՝ եթե Ալիեւին որեւէ հակակշիռ ներկայացվի, ապա համակարգն այնպես է ձեւավորված, որ դա կլինի այնպիսի մեկը, որը արտաքին քաղաքական գծից չի կարող շեղում ունենալ: Նա նաեւ խոսեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի մտադրությանն առնչվող արձագանքների մասին` թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Նա փաստեց, որ արձագանքներից նկատել է, որ այս թեկնածությանը «հումորով են վերաբերվում, որովհետեւ հասկանում են, որ Ադրբեջանի ԿԸՀ- ն դի գրանցի նրան»։

Ադրբեջանագետը համոզված է, որ Ադրբեջանում ընտրությունների միջոցով, խաղաղ ճանապարհով իշխանություն չի փոխվելու, սակայն, նա չի բացառում, որ դա կարող է տեղի ունենալ, օրինակ, արաբական սցենարով:

Ցուցադրել ավելի
Back to top button