Ֆիննախի էլ.վճարման համակարգի նոր հնարավորությունները


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Ֆինանսների նախարարությունը համալրել է պետական վճարումների էլեկտրոնային համարկարգը նոր ծառայությամբ՝ հնարավորություն ընձեռելով ֆիզիկական անձնանց, անհատ ձեռներեցներին, մանր ու միջին ձեռնարկատերերին այսուհետ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները կատարել էլեկտրոնային եղանակով:
«Այս համակարգով արտերկրում գտնվող մեր քաղաքացիները կարող են առցանց անձնագրի վավերականության ժամկետ երկարացնել, 16 տարին լրացած երեխաների համար կարող են անձնագիր վերցնել»,- ասում է Ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը։
Չնայած շնորհանդեսի ընթացքում եղած տեխնիկական բազմաթիվ թերություններին՝ պաշտոնյան վստահեցրեց, որ քաղաքացիները կարող են հեշտությամբ օգտվել իրենց նոր ծառայությունից: «Գործոններ կան, որ հեշտանում են, մարդն էլ իր աշխատանքից չի կտրվում, իր համակարգչի մոտ նստած կարողանում է առցանց վճարում կատարել: Ինքը պաշտպանված է, ֆինանսների նախարարությունը փորձում է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի ապահովենք պաշտպանվածությունը»,- նշում է վարչության պետը։
Անցյալ տարի համակարգից շուրջ երեք հազար մարդ է օգտվել, իսկ 2013 թ անցած վեց ամիսների ընթացքում 12-13 հազար վճարում է գրանցվել: Համակարգից հիմնականում օգտվում են ճաանապարհային ոստիկանության ֆիքսած տուգանքները վճարողները, այժմ արդեն վճարովի ավտոկայանատեղիների վճարներն են վճարվում: Համակարգը նաև ավտոմեքենայի կամ բնակարանի գույքահարկի վճարման հնարավորություն է տալիս։