ԿարևորՀասարակություն

Փոխադրող ընկերությունները շարունակում են պնդել ուղեվարձի բարձրացման անհրաժեշտության մասին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»
Փոխադրող ընկերությունները կրկին բարձրաձայնում են  ուղեվարձի բարձրացման անհրաժեշտության մասին, իսկ Երևանի քաղաքապետարանից դոտացիա պահանջելու հարցում ակնկալում են քաղաքացիների աջակցությունը։ Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ու «Արշակյան եղբայրներ» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանն այսօր եկել էին լրագրողներին ասելու, որ փոխադրող ընկերությունները աշխատում են վնասով, նրանք 5 տարվա ընթացքում  աշխատել են քաղաքացիներին զուտ օգնություն ցուցաբերելու մեծագույն մղումով:  Իսկ ուղևորները, փաստորեն, չեն հասկանում իրենց բարի գործն ու փոխանակ սիրով ու մեծագույն հաճույքով վճարեն 150 դրամ, դեռ մի բան էլ ըմբոստանում են։

Հինգ տարի առաջ հաշվարկներ են արվել ու պարզել, որ երթուղայինները դեռ այն ժամանակ պետք է գործեին նվազագույնը 212 դրամով, սակայն այս տարիներ ընթացքում «Արշակյան եղբայրներ» ընկերությունը, տնօրեն Աշոտ Արշակյանի խոսքով, աշխատել է առանց շահույթի։ «2008 թվականին  դիզվառելիքի 380 դրամի ժամանակ 212 դրամ պետք է լիներ ուղեվարձը»,- ասում է։

Ստացվում է այս նույն հաշվարկներով ավտոբուսի տոմսի արժեքը այսօր պետք է 312 դրամ կազմի։ Երբ հիշեցրեցինք, որ շատ տնտեսագետներ պնդում են, որ գրագետ ու ճիշտ հաշվարկի դեպքում ուղեվարձը չպետք է բարձրանա, Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց. «Դպրոցներում աշակերտներն էլ խնդիրը լուծում են՝ գրքի վերջին էջում պատասխանը գտնելուց հետո»։ Նա ավելացրեց, որ փոխադրող ընկերություններն սպասում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանում համապատասխան հանձնաժողով ստեղծվի ու որոշի ուղեվարձի գինը։

Լրագրողներից մեկի հարցը, թե որքան գումար են «գծի տերերը» պահանջում վարորդներից, բարկացրեց  Աշոտ Արշակյանին.։ Նա սկսեց խոսել, որ միկրոավտոբուներն ու ավտոբուսները նաև ծախսեր են պահանջում, որ պետք է ամեն մանրուք մանրամասն հաշվարկել։

Եթե, իրոք, փոխադրողները վնասով են աշխատում, ապա թող դոտացիա պահանջեն քաղաքապետարանից և ոչ թե ուղեվարձը բարձրացնելով լուծեն հարցերը, առավել ևս, որ մատուցվող ծառայությունը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չէ։ Լրագրողների դիտարկմանն ի պատասխան փոխադրողների միության նախագահն ասաց, թե եկեք միանանք ու միասին պահանջենք դոտացիա։

Եթե ուղեւարձը մնա 100 դրամ, ապա, ըստ նրա, «կգնաք գյուղերից սայլեր կբերեք, կտեղափոխենք»,- նկատեց նա։Սա էլ, գուցե, խնդրի լուծում է, սակայն նման լուծման համար արդյո՞ք մեզ պետք է Երևանի քաղաքապետարան կամ փոխադրող ընկերություն։

Ցուցադրել ավելի
Back to top button