ԿարևորՀասարակություն

Տարրական դասարանների աշակերտներին անվճար սնունդ կտրվի

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/230813KRTUTYUN.mp3
Կառավարությունը երեկ հաստատեց «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի  ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում  թեմային անդրադարձել ու բավականին հանգամանորեն է ներկայացրել կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Խորհրդային տարիների՝  տարրական դասարանների աշակերտներին անվճար սնունդ  տրամադրելու ավանդույթը  Հայաստանի կառավարության ջանքերով կվերականգնվի: Իհարկե՝ նախ փորձնական ծրագրով: Հաջորդ տարի Վայոց ձորի մարզից կմեկնարկի, հետո արդեն Արարատի ու Սյունիքի մարզերում  կտարածվի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։

«Երեխայի օրական պահանջարկից ելնելով, կալորիականության, վիտամինների, հանքային նյութերի, սննդի հիգիենայի համապատասխան կանոններից ելնելով՝ հաշվարկվել են երեխայի համար անհրաժեշտ կալորաժի և սննդի որակական հատկանիշների բնութագրիչները: Օրական 200 մլ կամ կաթ,կամ  մածուն, կամ յոգուրտ, կամ կակաո, կամ հյութ, գումարած հիսուն գրամ բուլկեղեն, թխվածքաբլիթ: Սպիտակուց, ճարպ, ածխաջուր, վիտամիներ և հանքային նյութեր: Միատեսակ չի լինելու սնունդը, այնտեղ, որտեղ հնարավոր է բազմազանեցնել, դա բազմազանեցվելու է»,- ասում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

Նա հիշում  է  խորհրդային տարիները, երբ ինքն էր  դպրոցական, գրեթե նմանատիպ սննադկարգով սնունդ բերում էին իրենց դասարան: Նույն սցենարը կկրկնվի նաև այժմ: Այն դպրոցներում, որտեղ ճաշարանները հնարավոր է օգտագործել, միանվագ սնունդը կտրվի ճաշարանում, իսկ ոչ  հիգիենիկ պայմանների պարագայում, դրանք երեխաներին կհասնեն դասարաններում:  Մինչև 2021թ ծրագիրը կընդգրկի ՀՀ ողջ տարածքը  և  միանվագ սննդից կօգտվի առաջինից երրորդ դասարաննների շուրջ 150 հազար երեխա։ Թե որ կազմակերպությունը կկազմակերպի գնումների գործընթացը, դեռ պարզ չէ, ուստի  խոսել նոր «ատկատի» հնարավորության,  ժամկետանց սննդի մատակարարման  վտանգների  մասին, դեռ վաղ է։ 

Ցուցադրել ավելի
Back to top button