Հասարակություն

Ստեփանակերտցի 57 ընտանիք այսօր վիճակահանությամբ որոշել է իր ապագա հասցեն

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման  տոնին նվիրված միջոցառումների շարքը Ստեփանակերտում  մեկնարկել է հաճելի արարողությամբ: Այսօր ստեփանակերտցի 57 ընտանիք  վիճակահանությամբ որոշել են  իրենց ապագա բնակության հասցեն։ Արցախում պետական բնակարանաշինական մի շարք ծրագրեր են գործում: Դրանցից ամենազանգվածայինը զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրն է, որը մեկնարկեց հրադադարի հաստատումից անմիջապես հետո:

Անցած տարիներին  հազարավոր ընտանիքներ բնակարանմուտ են տոնել և, ինչպես իշխանություններն են հայտարարել,  2013-ին Ստեփանակերտում այդ հարցը պիտի վեջնականապես լուծվի: Այսօր ապագա բնակության հասցեն ճշտեցին զոհված ազատամարտիկների ևս 23 ընտանիք: Նրանք բնակարան կստանան Ստեփանակետի նորակառույց  5 շենքերում:

Այս տարի մեկնարկել է նաև առաջին կարգի հաշմանդամների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը: Այսօրվա վիճակահանությանը մասնակցեց 17 հաշմանդամ: Հանձնաժողովը ջանացել էր, որ նրանց բնակարանները տեղակայված լինեն  շենքերի առաջին հարկերում: 3- 4 սենյականոց նոր բանկարան ստացան նաև հինգ   ընտանիքներ, որտեղ 6 և ավելի երեխա է մեծանում:

Իննա Բաղդասարյանի ընտանիքը հատուկ որոշումով է նոր հասցե տեղափոխվելու: Ընտանիքն ապրում էր Ստեփանակերտի նախկին բանվորական հանրակացարաններից մեկում: Նոր բնակարան նրանց պարգևել է երկրորդ զույգ զավակների ծնունդը:

Հատուկ որոշումով բնակարան ստացողների շարքում նաև Ալեքսանդր Բադասյանի ընտանիքն է: Ծերունին ասում է, որ այս օրվան 21 տարի է սպասել` տունը ավերվել է Ստեփանակերտի ռմբահարություններից մեկի ժամանակ:

Այսօր իրենց բնակության ապագա հասցեն ճշտել են նաև 9  երկկողմանի ծնողազուրկ երեխաներ: Արցախում գործող ծրագրի համաձայն՝ նրանք նոր բնակարանը կստանան կահավորանքով և առաջին անհրաժեշտության բոլոր պարագաներով։ 

Back to top button