Վերլուծական

Թուրքիան կշարունակի խառնվել Եգիպտոսի ներքին գործերին

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/230813sargis.mp3
Եգիպտոսում եւ Սիրիայում ծավալվող իրադարձություններին է այսօր անդրադարձել արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Ըստ արաբագետի` Եգիպտոսում «Մահմեդական եղբայրները» կփորձեն վերադարձնել իշխանությունը, սակայն դա կանեն ընդհատակից: Փորձագետը նկատել է, որ «Մահմեդական եղբայրներին» ձեռնտու չեն երկրում միջդավանանքային խնդիրները եւ դրա համար Եգիպտոսի հայ համայնքը առայսօր զգալի կորուստներ չի կրել, սակայն, չի բացառել, որ որոշ ժամանակ անց երկրում իրավիճակը կարող է փոխվել` հօգուտ կրոնական փոքրամասնության:

Արաբագետի դիտարկմամբ` Թուրքիան ցանկանում է, որ Եգիպտոսում «Մահմեդական եղբայրները» նման իշխանության գլուխ,  քանի որ այդ քաղաքական ուժը իսլամիստական է եւ համապատասխանում է Թուրքիայի պահանջներին: Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ այդ իսկ պատճառով Էրդողանը բազմիցս է քննադատել Եգիպտոսի ռազմական ղեկավարությանը: Փորձագետի խոսքով` Թուրքիայի համար «Մահմեդական եղբայրները» բավականին կանխատեսելի քաղաքական ուժ է, որին Անկարան կարող է կառավարել, ուստի, արաբագետը համոզված է, որ Թուրքիան կշարունակի միջամտել Եգիպտոսի ներքին գործերին, թեեւ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս:

Խոսելով սիրիական զարգացումների մասին` Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ վերջին շրջանում Սիրիայի կառավարական ուժերը լուրջ հաջողություններ են  արձանագրել զինված ընդդիմության դեմ ռազմական գործողությունների  ընթացքում: Ինչ վերաբերում է Դամասկոսում քիմիական զենք կիրառելու մասին խոսակցություններին, արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով, դա ընդդիմության ձեռքի գործն էր, քանի որ Սիրիայում են գտնվում ՄԱԿ-ի փորձագետները, եւ իշխանություններին ձեռնտու չէր քիմիական զենք կիրառելը։

 

Փորձագետը միաժամանակ կարծում է, որ իրավիճակը Սիրիայում կարող է փոխվել հօգուտ Ասադի, եթե բնակչության մեծ մասը, որն այս պահին չեզոքություն է պահպանում, համախմբվի նախագահի շուրջ: Նման միտում արաբագետն արդեն  նկատում է: Չնայած, նա նաեւ կարծում է, որ Սիրիայում հետագա զարգացումներն անկանխատեսելի են, քանի որ այդտեղ են հայտնվել զինված իսլամիստական  խմբավորումներ, որոնք բավականին պառակտված են ու ներկայացնում են տարբեր երկրների շահեր։

Ցուցադրել ավելի
Back to top button