ԿարևորՀասարակություն

Վարձավճարների վերանայումն իրատեսական չէ, ասում է ԿԳ նախարարը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ուսման վարձավճարների շուրջ  բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ  երիտասարդների: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին և նրանց առաջարկել իրենց պահանջներն ու առաջարկները գրավոր ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որոնց կտրվի գրավոր պատասխան։

Պատասխանելով երիտասարդներից մեկի այն հացին, թե ինչու են բուհերը վարձավճարների բարձրացման մասին ուսանողներին տեղյակ պահել միայն մայիս ամսին, այն դեպքում, երբ բուհերի  կառավարման խորհուրդները շատ ավելի վաղ էին  հաստատել բուհերի բյուջեները, ԿԳ նախարարը պատասխանել է. «Բուհերի կառավարման խորհուրդները վարձավճարներ չեն սահմանում, այլ ընդամենը հաստատում են բուհի բյուջեն, ուստի չի կարելի պնդել, թե բուհերի կառավարման խորհուրդները նախապես թաքցրել են թանկացման մասին տեղեկությունը: Կառավարման խորհուրդները, սովորաբար, տվյալ տարվա սկզբին կամ նախորդ տարվա վերջին են հաստատում  բուհի բյուջեն՝ հիմնականում հենվելով ակնկալվող բյուջետային մուտքերի վրա: Իրականում ուսանողների թերհամալրման խնդիրն առավել ակնառու դարձավ մարտ-ապրիլ ամիսներին, երբ որոշակիորեն հստակեցվեցին դիմորդների նախապատվությունները՝ կապված այս կամ այն բուհի կամ մասնագիտության ընտրության հետ: Ակնհայտ էր, որ բուհերն ունենալու են ուսանողների թերհամալրում, հետևաբար նաև ֆինանսական խնդիրներ»,- նշել է  նախարարը:

Երիտասարդները տարբեր հարցեր են ուղղել նախարարին՝ ուսանողների  համար նախատեսված սոցիալական ծրագրերի, ռեկտորատների որոշումների վերանայման հնարավորության և այլ խնդիրների վերեբերյալ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը  հանգամանալից ներկայացրել է խնդիրը՝ նշելով, որ շատ բուհերում ֆինանսական լուրջ խնդիրներ կան: Բուհերը   վարձավճարների բարձրացման քայլին գնացել են պարտադրված՝ բուհի հետագա զարգացումն ու որակյալ, մրցունակ կրթություն ապահովելու պահանջից ելնելով, հետևաբար վարձավճարների   վերանայումը իրատեսական չէ:

«Պետության խնդիրն է ապաահովել, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չզրկվի կրթության հնարավորությունից կամ դուրս չմնա բուհից: Հավատացած եղեք, որ այդ ուղղությամբ ամեն ինչ անելու ենք»,- վստահեցրել է  Արմեն Աշոտյանը:  Նրա խոսքով՝ առաջիկյում ընդունելով օրենք՝ կսահմանվի բուհերի վարձավճարների վերին շեմ: Սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները, եթե լավ են սովորում, ապա 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան: Մշակման փուլում է գտնվում նաև ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ այդ գործընթացի համար սահմանվում  են հստակ պահանջներ, այն դեպքում, երբ այժմյան օրենսդրությամբ սոցիալապես խոցելի խավերի համար բուհն ինքն է որոշում` որքան զեղչ կիրառել:

«Մենք ուսանողների 11 խմբերի համար, թեպետ առաջարկների հիման վրա այդ խմբերի քանակը կարող է փոխվել, հստակ սահմանելու ենք, թե ում քանի տոկոս զեղչ կհասնի: Դա կլինի պարտադիր բոլորի համար, անկախ նրանից, թե բուհի ղեկավարությունն ինչպիսի կապեր և հարաբերություններ ունի այս կամ այն ուսանողի հետ»,- շեշտել է  ԿԳ նախարարը և հավելել, որ  կառավարությունն օրենքի նախագիծը սեղմ ժամկետներում կուղարկի ԱԺ, և ամեն ինչ կարվի, որ 2014 թվականի հունվարից ու ուսանողական զեղչերի մասին օրենքը  արդեն կիրառվի։

«Այսինքն լավ սովորող ուսանողը հունվարից արդեն կունենա սոցիալական զամբյուղից օգտվելու հնարավորություն»,- վստահեցրել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ գալիք տարի արդեն նախատեսվում  է ավելացնել նաև պետպատվերի տեղերի քանակն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են: Նախարարը նշել է նաև, որ այս տարի շուրջ 100 պետպատվերի տեղեր տեխնիկական և գյուղատնտեսական  մասնագիտությունների գծով թափուր են մնացել, որոնք հետո լրացուցիչ հատկացվել են արվեստի բուհերին։

Ցուցադրել ավելի
Back to top button