ԿարևորՀասարակություն

Ոստիկանի եւ բողոքող կնոջ միջեւ կատարվածի առնչությամբ նշանակվել է ծառայողական հետաքննություն

Երևանի Կոմիտաս 5 հասցեում երեկ տեղի ունեցած բողոքի գործողության ժամանակ  ոստիկանության ծառայողի և մասնակից կանանցից մեկի միջև կատարվածի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել  է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են,  ուսումնասիրվում են այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները, և քննության ավարտի ու եզրակացության մասին կտեղեկացվի հանրությանը, հայտնում են ոստիկանությունից։

«Ոստիկանությունը կոնֆլիկտի բոլոր կողմերին՝  և՛ կառույցի սեփականատիրոջը, և՛ շինարարությունն իրականացնողներին, և՛ քաղաքացիներին ու նրանց աջակցող ակտիվիստներին կոչ է անում խնդիրները լուծել բացառապես իրավական դաշտում. անընդունելի է օրինականություն պահանջել անօրինական միջոցներով։ Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքից դուրս ցանկացած գործողություն իրականացնող անձինք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։

Օգոստոսի 21-ի միջադեպը ցույց տվեց, որ քաղաքացիների շահերը պաշտպանող որոշ ակտիվիստների պահվածքը, ցավոք, ոչ ադեկվատ է. արձանագրվել են ինքնավնասման իմիտացիայի, հասարակական համակեցության նորմերի և տարրական բարեկրթության խախտման դեպքեր: Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ նման հիվանդագին գործողություններից  և արարքներից։

Ոստիկանության պետը երեկ հեռախոսազրույց է ունեցել Լարիսա Ալավերդյանի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հիշյալ և նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ համապատասխան ատյաններ դիմելու միջոցով: Եվ առհասարակ, վաղուց արդեն ժամանակն է ձևավորել այդպիսի գործելակերպ ու մշակույթ։ Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր կողմերին` ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն և օրինահարգություն, չդիմել սադրանքների ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button