ԿարևորՎերլուծական

Ոչ թե «Եվրոպական միությունում», այլ` «Եվրամիության հետ», ոչ թե «Մաքսային միությունում», այլ` «Մաքսային միության հետ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Հայաստանում մշակվում է ոչ թե «Եվրոպական միությունում», այլ` «Եվրամիության հետ», ոչ թե «Մաքսային միությունում», այլ` «Մաքսային միության հետ» բանաձեւը, այսօր հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա գնահատմամբ` Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հնարավորությունը բավական մեծ է. ընդունված են արդեն համարժեք որոշումներ ե’ւ հայկական կողմում, ե’ւ եվրոպական։ «Կարծում եմ, որ եթե չլինեն ինչ- ինչ ֆորսմաժորային իրադարձություններ, ապա մեր երկիրը բավականաչափ պատշաճ կերպով գնում է ԵՄ «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողով»,- ասաց նա։

Միաժամանակ՝ քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանում, սակայն, ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նշանակությունը շատ է չափազանցվում: Մինչդեռ, վերլուծաբանի գնահատմամբ, դա եվրաինտեգրման գործընթացներում քայլերից մեկն է ընդամենը: Նախաստորագրվելուց հետո էլ տվյալ փաստաթուղթը դեռեւս անցնելու է բավականին երկար փուլերով: Քաղաքագետի խոսքով` դա միայն ճանապարհ է, եւ Վիլնյուսը դրա ոչ վերջն է, ոչ էլ՝ սկիզբը: Այն պարզապես շարունակություն է։ Վիլնյուսը, փաստացի, Հայաստանի ապրանքների եւ ծառայությունների եվրոպական ոլորտ մտնելու քայլերից մեկն է, շեշտեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Վերլուծաբանի ձեւակերպմամբ` ըստ էության ընթանում է բանաձեւի մշակման գործընթաց ոչ թե «Եվրոպական միությունում», այլ` «Եվրամիության հետ», ոչ թե «Մաքսային միությունում», այլ` «Մաքսային միության հետ»: Իսկանդարյանի գնահատմամբ` այն գործընթաց է, որն ընդհանրապես կոչվում է կոմպլեմենտարիզմ։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական հարաբերությունների ներկայիս վիճակին` քաղաքագետը նկատեց, որ նման տնտեսական լարվածություն այդ երկրների միջեւ պարբերաբար առաջանում է: Ակնհայտ է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային ներգրավել Մաքսային միության կազմում: Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, սակայն, անիմաստ են Հայաստանի հետ համեմատություններն այդ առումով, քանի որ Հայաստանն Ուկրաինա չէ` սահմանակից երկիր չէ: Այս իմաստով` Հայաստանը երկընտրանքի առջեւ կանգնելու խնդիր չունի: Եթե Հայաստանը Ռուսաստանի և Եվրոպայի միջև լիներ, ապա համեմատությունն իմաստ կունենար, շեշտեց Կովկասի ինստիտուտի տնօրենը: Նրա խոսքով` «Հայաստանին ինտեգրելը կնշանակի խնամակալ դառնալ, իսկ Ուկրաինայի դեպքում ինտեգրումը նշանակում է օգուտ ստանալ»,- եզրափակեց քաղաքագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button