ԿարևորՄիջազգային

ՄԱԿ- ի ԱԽ- ն քիմիական զենքի կիրառման հետաքննության կոչ են արել. ՌԴ- ն ու ՉԺՀ- ն դեմ են եղել բանաձեւին

ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումները հետաքննելու անհրաժեշտության մասին, սակայն Սիրիայում ՄԱԿ- ի ստորաբաժանմանը համապատասխան կարգադրություն չի տվել։ «Խորհրդի անդամները խիստ անհանգստացած են այս հաղորդումներով։ Ընդհանուր կարծիքն այն է, որ պետք է պարզել, թե ինչ է տեղի ունեցել եւ ուշադրությամբ հետեւել իրադարձություններին»,- լրագրողներին ասել է ՄԱԿ- ում Արգենտինայի մշտական ներկայացուցչի Մարիա Քրիստինա Պերսեւելը ԱԽ արտակարգ նիստից հետո։

35 երկրներ, այդ թվում ԱԽ երեք մշտական անդամներ՝ԱՄՆ, Բրիտանիան եւ Ֆրանսիան, կոչ են արել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հետաքննող տեսուչների խմբի ղեկավար Ակե Սելեստերմին շուտափույթ հետաքննել միջադեպը։ Բի Բի Սի- ն հաղորդում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանն արգելանք են դրել ՄԱԿ- ի ԱԽ որոշման վրա, որով պահանջում էր թույլատրել տեսչական խմբի մուտքը քիմիական հարձակման ենթադրյալ տարածք։

Սիրիական ընդդիմությունը երեկ հաղորդել էր, որ կառավարական ուժերը մայրաքաղաքի արվարձանում գործողությունների ժամանակ քիմիական զենք են կիրառել՝ սպանելով ավելի քան 1000 մարդու։ Պաշտոնական Դեմասկոսը հերքում է այդ հաղորդումները։

Հայաստանի համար Սիրիային իրավիճակը նորությունների խորագիր չէ
Karen Nazaryan
Ի դեպ՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին ՄԱԿ ԱԽ օգոստոսի 19- ի նիստին անդրադարձել էր նաեւ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը։ Հայաստանի համար իրավիճակը Սիրիայում լոկ նորությունների խորագիր չէ եւ մեծապես մտահոգիչ է երկրում վատթարացող հումանիտար իրավիճակը եւ բռնությունների աճը, ասել էր նա։ Դեսպան Նազարյանը դատապարտել էր բնակչության դեմ բոլոր տեսակի հարձակումները, առեւանգումներն ու ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախում են հայտնվել անմեղ քաղաքացիներ` ներառյալ երկրում ապրող փոքրամասնությունները՝ ընդգծելով այն հանգամանքը, թե ինչպես են ավիրվում ու վնասվում հայկական եկեղեցիները, եւ ինչպես են մեծ թվով հայեր իրենց սիրիացի համաքաղաքացիների հետ մեկտեղ Հալեպում ու Դամասկոսում ծանր իրավիճակում փորձում գոյատեւել:
Դեսպանը հավելել էր նաեւ, որ Հայաստանը շարունակում է ընդունել փախստականների՝ չնայած ավելի քան հարյուր հազար հայեր իրենց կենցաղն են շարունակում Սիրիայում օրեցօր ուժգնացող  բռնությունների եւ հումանիտար ճգնաժամի ներքո: «Նմանօրինակ իրավիճակների լուծման համար համոզված ենք, որ պետք է հրաժարվել միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման հարցում ընտրովի մոտեցումներից: Միջազգային հանրությունը պետք  է արդյունավետորեն գործի հումանիտար իրավունքի նորմերի պահպանման հարցում եւ առաջարկի, որպեսզի կողմերը ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը մարդասիրական օգնության դերակատարների մուտքն ու գործունեությունն ապահովելու համար»,-նշել էր դեսպան Նազարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button