ԿարևորՀասարակություն

Կառավարությունը կշարունակի աջակցել գյուղացիներին

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Կառավարության հերթական նիստն այսօր էլ վարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ արձակուրդում է: Օրակարգում ընդգկված հիմնական ու լրացուցիչ հարցերը սպառվել են շատ արագ՝ 30 րոպեում։ 

Գործադիրը որոշեց շարունակել գոյւղացիներին  մատչելի գնով  պարարտանյութ ու դիզվառելիք տրամադրել: Մինչև հուլիսի 12-ը յոթ մարզից 147 նախնական ցանկ-հայտ է ստացվել: 2013 թ. աշնանացանի համար կբաշխվի 3 հազար 400 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու։

2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվեց  ավելի քան 380 մլն դրամ: Հանրապետություն կներկրվի 8 հազար 310 տոննա ամոնիակային սելիտրա, հողօգտագործողներին   50 կգ քաշ ունեցող   1 պարկը կվաճառվի 6 հազար դրամով։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հատուկ շեշտեց, որ  պարարտանյութը գյուղացիներին տրամադրվելու է իրենց համայնքներում, իսկ վեց հազար դրամն իր մեջ ներառում է բոլոր ծախսերը՝ «այդ թվում նաև փոխադրման ծախսերը»։ Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն առաջարկեց շաբաթ օրը մարզպետների հետ հերթական հանդիպման ժամանակ վերջիններիս տեղեկացնել, թե որ ընկերության հաշվին ու երբվանից պետք է գումարները հավաքագրվեն:

Անցած երկու ամիսներին կենսաթոշակների  ցուցակների ճշգրտման պատճառով թոշակների տրամադրումն ուշանում էր, այսօր, սակայն, լրագրողների՝ արդյո՞ք հաջորդ ամիս նույն սցենարն է կրկնվելու, հարցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսպես արձագանքեց. «Իսկ թոշակները ե՞րբ են ուշացել»։ Հետո արդեն հիշեցումից հետո նախարարն վստահեցրեց, որ նախորդ երկու ամիսների ընթացքում առաջացած խնդիրները լուծումներ են ստանում: «Այս ամսվա ընթացքում լրացուցիչ ցուցակով կատարած վճարումների շրջանակներում վճարվել են նաև տվյալ ամսվա ընթացքում դիմում ներկայացրած քաղաքացիների  կենսաթոշակները: Դա նշանակում է, որ կարևորագույն պահանջը դա լիարժեք տեղեկատվության առկայությունն է: Եվ նույնիսկ , եթե քաղաքացին դիմումը տվել է  և չորս օր հետո վճարում է կատարվել, նշանակում է, որ եղել է լիարժեք տեղեկատվություն»։

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստից անմիջապես հետո հեռացավ: Նա այսօր առավոտյան գործադիր մարմնի շենքի առջև հավաքված ու բուհերում ուսման վճարներից դժգոհող երիտասադրներին խոստացավ  նախարարությունում հանդիպել վերջիններիս հետ։ «Ես նորից պատրաստ եմ ձեզ ընդունել նախարարությունում։ Մեկ անգամ դուք եկաք ինձ մոտ, բան չասեցիք, գնացիք։ Հուսով եմ այս անգամ կասեք: Անմիջապես նիստից հետո»։

Հավելեմ, որ երիտասարդներն այսօր հրաժարվում էին հարցազրույցներից՝ պատճառաբանելով, որ իրենք բողոքի ակցիայի են եկել  ու խորհուրդ տվեցին բավարավել միայն իրենց հայտարարություններով։

Ցուցադրել ավելի
Back to top button