ԿարևորՀասարակություն

Ինքնասպանության պատճառների մեծ մասը սեւեռուն մտքերն են

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»
Վերջին տարիներին Հայաստանում կա՞ արդյոք ինքնասպանության դեպքերի աճ, թե՞ ոչ. ինչպես զարգացող երկրների մեծ մասում, այնպես էլ Հայաստանում հստակ վիճակագրություն գոյություն չունի: Հայաստանում ինքնասպանության տանող պատճառների ցանկում մասնագետներն առանձնացմնում են հատկապես կպչուն և սևեռուն խանգարումները, որոնք ինչ- որ առումով նաև ընտանեկան դաստիարակության արդյունք են։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 29-31-ը Երևանում կկայանա համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրասիան է» թեմատիկ գիտաժողովը, որին կմասնակցեն մասնագետներ աշխարհի տարբեր հեղիանակավոր կազմակերպություններից:

Գիտաժողովի շրջանակներում Երևանում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր,  հոգեբան-համաճարակաբան  Քրիստինա Հովենն, ով պատանիների շրջանում հոգեկան առողջության խնդիրների ուսումնասիրման նպատակով Հայաստանում , ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրներում, հետազոտություններ է իրականացրել 2003 թվականին: «Այդ հետազոտության նպատակն էր պարզել  հոգեկան առողջության վերաբերյալ  դպրոցներում տեղեկատվության տարածման առավել արդյունավետ մեխանիզմները: Սա իմ 5-րդ այցն է Հայաստան և  ես ունեմ բոլոր նախադրյալները  հավատալու, որ տեղի կառավարությունն ու  հասարակությունն ունեն լուրջ ցանկություն ներգրավվելու երեխաների հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների լուծման գործընթացներում: Հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած խնդրի  կանխարգելումն առավել արդյուանավետ է, քան՝ դրա հետևանքների վերացումը: Հայաստանում ես նկատել եմ  մի բան` այստեղ ծխախոտը չափազանց էժան է և հասանելի երեխաներին, ինչը խթանում է նրանց շրջանում ծխողների թվի ավելացմանը: Մինչդեռ՝ որպես կանխարգելման միջոց, ինչպես ընդունված է բազմաթիվ երկրներում, ծխախոտը պետք է անհասանելի լինի երեխաներին»: Քրիստինա Հովենի պնդմամբ՝ երեխաների հոգեկան առողջության առնչվող հարցերում ևս շեշտը պետք է դրվի կանխարգելաման միջոցառումների վրա:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ  Խաչատուր Գասպարյանի համոզմամբ՝ Երևանում կայանալիք գիտաժողովը հնարավորություն կտա  դասեր քաղել մեզանում կուտակված խնդիրները լուծելու համար։ Հայաստանում այս ոլորտում նախ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, կարծում է նա։ Հասրակության հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից Խաչատուր Գասպարյանը կարևորեց հատկապես ԶԼՄ-ների դերը: Ի դեպ՝ նշենք, որ հայկական հոգեբուժական  ասոցիացիան պատրաստել է ուղեցույց մեդիա մասնագետների համար, որը հնարավորություն կտա զերծ մնալ լրագրողական էթիկայի  կոպիտ սխալներից, որոնք բավականին հաճախ թույլ են տրվում, մասնավորապես, ինքնասպանության դեպքեր լուսաբանելիս:

Ցուցադրել ավելի
Back to top button