Սահակաշվիլին քաղաքականությունից բացի կզբաղվի նաեւ գինեգործությամբ


Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հերթական անգամ լրագրողների հետ կիսվել է իր ապագա ծրագրերի մասին։ Քաղաքականության մեջ մնալու եւ կրթական գործունեություն ծավալելուց բացի Սահակաշվիլին մտադիր է նաեւ զբաղվել գինեգործությամբ եւ զբոսաշրջության զարգացմամբ, հայտնում է «Նովոստի Գրուզիի» գործակալությունը։
Լրագրողները կարծում են, որ Սահակաշվիլին էապես բարելավել է երկրում կրթությունը բարելավելու իր ծրագրերը։ Եթե նախկինում նա աբստրակտ հայտարարում էր, որ ցանկանում է աշխատել «քաղաքական իրազեկման ուղղությամբ», ապա այժմ նա նշել է, որ պատրաստվում է բացել կրթական մի քանի կենտրոններ։
«Ես համոզվել եմ, որ կան լուրջ խնդիրներ քաղաքական կրթության ոլորտում, իսկ գինեգործությունն այն է, որ կարող է արագ արդյունք բերել, ինչպես նաեւ եկամուտ՝ գյուղացուն»,- ասել է Սահակաշվիլին։ Նա նշել է, որ նախատեսում է Կախեթիում եւ Քարթլիում բացել գինու կրթական կենտրոններ, ինչպես նաեւ քաղաքագիտության կրթական կենտրոն Թբիլիսիում։
Սահակաշվլիի պաշտոնավարության ավարտին մնացել է մի քանի ամիս։ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27- ին։