ԿարևորՏնտեսական

«Մոդուսի» գնահատականը պետք է նաեւ իրական տնտեսության մեջ զգացվի

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայաստանի տնտեսությունը  հերթական առաջընթացն է գրանցել միջազգային հեղինակավոր «Մուդիս» ընկերության հրապարակած ցուցանիշերում: Մեր երկիրը  գնահատման սանդղակում բարելավել է  վարկանիշը:
«Մուդիսը» Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն»՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն: Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, Համախառն ներքին արդյունքում ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:

«Մուդիսի» գնահատականները տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը  հետաքրքիր  է համարում: Նա նշում է, որ  հարկերի հավաքագրման  մոբիլիզացման ու  կանոնակարգման խնդրին անդրադարձել է նաև «Doing biznes»-ն իր  ցուցանիշերում, երբ Հայաստանը  35 միավորով  առաջընթաց էր գրանցել:  Առաջընթացը տնտեսագետը պատահական չի համարում։ «Պետությունը կարողացավ որոշակի հավասարակշռություն ստեղծել փոքր բիզնեսից հավաքվող հարկերի և  խոշոր  բիզնեսին հարկելու տեսանկյունից։ Թեեւ այնտեղ կային շահերի բախուներ կամ դժվարություններ, սակայն,  որոշակիորեն դրան գնաց, իհարկե՝  հաշվի առնելով միջազգային կարծիքն ու Հայաստանի դիրքը ամրապնդելու խնդիրը»,- ասում է նա։

Այսօր էլ հարկային մարմիններն ավելի համարձակ հայտարարում են, որ իրենք խոշոր բիզնեսին հարկում են։ «Մենք դեռ չգիտենք, այնտեղ էլի հարկելու տեղ կա՞, թե՞ ոչ, սակայն այդ խնդիրը մեզ համար միշտ մնում է մի քիչ վիճահարույց, կամ որոշակի անորոշություն կա»,- նկատում է գործատուների միության նախագահը։

«Մուդիսը» դրական է  համարում  նաև, որ Հայաստանը կրճատել է համախառն ներքին արդյունքում ընթացիկ դեֆիցիտը՝ իհարկե նաեւ տրանսֆերների շնորհիվ։ Առաջընթացը զրուցակցիս չի ուրախացնում,  «ՀՆԱ-ի մոտ 14 տոկոսը պայմանավորված է հիմնականում ՌԴ-ից եկող տրանսֆերտներով,- «Մուդիսի» ցուցանիշն է մեջբերում Գագիկ Մակարյանը՝ միաժամանակ նկատելով, որ դա միգրացիայի արդյունքում է լինում։ «Մարդիկ ընտանիքները լքում են, գնում են այնտեղ աշխատելու, կամ հեռանում են ընտանիքներով, և դա մեր դեմոգրաֆիական կամ բնակչության նվազեցման առումով բավականին ռիսկային է։ Մեզ մոտ նաև սպառողն է նվազել։ Այդ առումով ես ուզում եմ այս գաղափարը հակադրել, դա ես դրական չեմ համարում: Չնայած արդյունքների առումով դրական է, բայց տնտեսագիտական տեսանկյունից՝ այդքան էլ չէ»։

Սպառողի կորստի դեպքում խեղճանում է տեղական բիզնեսը, քանի որ, եթե այն չունի սպառող, գնողունակություն չկա, չի կարողանում նույն արտադրողականությամբ աշխատել, սկսում է  սնանկանալ: Սա էլ իր  հերթին աղքատության առաջացման պայման է դառնալու: Կառավարության ծրագրում ներառված հարյուր հազար աշխատատեղի ստեղծումն առաջիկա հինգ տարիներին ևս փրկություն չէ։ Տնտեսագետը հարյուր հազար աշխատատեղը բաժանում է հիսուն հազար ընտանիքի վրա:  Ամեն ընտանիքում գոնե երկու հոգի  պետք է աշխատի, որ այդ ընտանիքը  աղքատությունից դուրս գա։ 230 հազար աղքատ ընտանիքի մեջ հինգ տարում լուծելու ենք հիսուն հազարի հարցը, հինգ տարի հետո ևս 180 հազար աղքատ ընտանիք է ունենալու Հայաստանը։ «Երբ հաշվում եմ, եթե հինգ տարիների ընթացքում նույն դինամիկայով շարունակենք, մեզ առնվազն մինչև 30 տարի է պետք, որ աղքատությունը սպառենք, ինչ կնշանակի, որ մեր ընտնաիքներին ասենք 30 տարի աղքատ մնացեք, որ 30 տարի հետո  դուք աղքատությունից դուրս գաք։ Սա խնդրի լուծում չի»,- պնդում է տնտեսագետը։

Հայաստանի  տնտեսության առաջընթացը միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում՝  իհարկե դրական է գնահատում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը, ով նաև    նկատել է, որ Հայաստանի կառավարությունը հիմնական շեշտադրումը կատարում է   այն ցուցանիշերի վրա, որոնցով զիջում է՝ փորձելով բարելավել դիրքերը: Սա իհարկե լավ է,  սակայն, ամենակարևորը, իրական  տնտեսության մեջ դրանք գրեթե չեն արտացոլվում, ուստի և շարքային քաղաքացին  ինքը չի զգում այդ առաջընթացը։ «Զուտ ֆորմալ, եթե նայում ենք, «Մուդիսը» ճիշտ է գնահատել, էկոնոմիկայի մեջ դեռևս  ուժեղ չի, և մեր կառավարությունը ոչ թե պիտի գնա նրան, որ ցուցանիշերը լավացնում է, որ գովեստի արժանանա և ցույց տա ցուցանիշը, այլ նաև իրական տնտեսության մեջ մենք պետք է դրա ազդեցությունը նկատենք»։

Բարձրաստիճան պաշտոնյաների քայլերում ինքնագովության, ինքաբավության տարրեր է նկատում զրցակիցս ու  վերջիններիս  կոչ անում ավելի ինտենսիվ հանդիպել համապատասխան կառույցների, բիզնեսի  ներկայացուցիչների, շարքային քաղաքացիների հետ: Ընդ որում՝ ավելի համարձակ ու պատրաստ լինեն  լսելու իրականությունը և ոչ թե այն,  ինչը հաճելի է իրենց ականջներին։

Ցուցադրել ավելի
Back to top button