ԿարևորՀասարակություն

Մարդը կարող է գալ Հայաստան, գործունեություն ծավալել ու հաջողություններ արձանագրել

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի

«Որոշեցինք հագստանալ այնպիսի մի վայրում, որտեղ հայկականությունը շատ է, իսկ դրանց մեջ Վրաստանն առաջինն է»,- ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը ընտանիքի հետ որոշել էր հանգստանալ հարեւան երկրում՝ միաժամանակ ծանոթանալով Ջավախքի, ապա եւ Թբիլիսիի հայերի խնդիրներին։

Հայաստանի խորհրդարանի պատգամավորն այս օրերին Հավլաբարում է: Այստեղ շատ բան հայկական է: Դա էլ հենց գլխավոր պատճառն էր, որ նա որոշեց հանգիստը կազմակերպել այստեղ. ամենուր հայեր են, խոսում են հայերեն: Մինասյանին տպավորել է նաև այն, որ հյուրանոցի վրացի տերն իր հետ խոսում է ջավախքյան բարբառով։ «Շատ գեղեցին թաղամաս է, հնություններ կան, հայկականությունը կա, հուսով ենք, որ այս գեղեցիկ համայնքը, մեր մշակույթն այստեղ, նիստ ու կացը, ինչու չէ հավլաբարյան անուշ համով կոլորիտային խառնվածքը կպահպանվի։ Սա նաև մեր մշակութային ժառանգության մի մասն է»,- ասում է նա։

Խորհրդարանականը թեև այնքան էլ հակված չէ հանգիստը ամբողջությամբ զուգակցել աշխատանքային գործերով, բայց այստեղ ավելի մոտիկից ծանոթանալով համայնքի խնդիրներին, մտածում է դրանց լուծման ուղղությամբ: Նա հուսով է, որ ներկա վարչակազմի պայմանններում շատ ավելի արդյունավետ կլուծվեն դրանք։ Մի բան հստակ է մեզ համար` ուժեղ Վրաստան նշանակում է հայության իրավունքների լիարժեք պաշտպանված Վրաստան և հակառակը, ասում է պատգամավորը։

«Տաքսու մի վարորդի հետ ենք խոսել, ով դժգոհում էր այստեղ ստեղծված պայմաններից և ես նրան առաջարկեցի գալ Հայաստան. եթե պետք է տեղափոխվի, ապա միայն հայրենադարձության միջոցով. գնի հող, սկսի իր բիզնեսը և ապրի, աշխատի ու արարի: Վարորդն ի պատասխան ասաց, որ կուսումնասիրի, որովհետև Հայաստանից ևս դժգոհություններ է լսում, իսկ մենք կաշխատենք որ այդ դժվարությունները հայրենադարձների համար հաղթահարելի լինեն»,- խոստացավ պատգամավորը։

Արծվիկ Մինասյանի հետ Վրաստանում են հանգստանում նրա երկու ընկերները նունյպես ընտանիքներով: Եվ նրանցից մեկը նաև Մինասյանի խորհրդով վերջերս է հայրենադարձել Ռուսաստատնից։ «Նա թեև դժվարությամբ, բայց Թալինում ստեղծեց մի ձեռնարկություն ու աշխատեցրեց։ Սրանով մենք օրինակ ցույց տվեցինք, որ մարդը կարող է գալ Հայաստան, գործունեություն ծավալել ու հաջողություններ արձանագրել»։

Զրուցակցիս փոխանցմամբ՝ այժմ մշակվում է արտագաղթի կասեցման ծրագիր, որի նպատակն է ոչ միայն նվազեցնել արտագաղթի տեմպերը Հայաստանից, այլև նպաստել հայրենադարձության իրականացմանը: Հայաստանը հզոր կլինի, եթե բնակեցված լինի ավելի շատ հայերով, և որ մարդկանց ապագան կառուցված լինի Հայաստանի հզորացման տեսլականի վրա։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհին կարելի է մի շարք հարցերում օրինակ վերցնել հարևան Վրաստանից. «Ճանապարհների որակը, վստահությունն ու հանգիստը, որ ոստիկանությունն ավելորդ տեղը չի միջամտի քո գործողություններին, բացի այդ՝ այստեղ պահպանվում է հինը, ավելանում են կանաչապատ տարածքները և կարծես թե որևէ մեկի մտքով չի անցնում այդ տեղերում սրճարաններ բացել»։

Back to top button