ԿարևորՀասարակություն

Կոռումպացված պաշտոնյաներն ու խոշոր բիզնեսը վերացնում են կանաչ գոտիները, բողոքում են Կոմիտասի բնակիչները

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Արաբկիր  վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 5 հասցեի   բնակիչները  շարունակում են բողոքել, որ  «Լիբեր» ՍՊԸ-ն նշված տարածքում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք է կառուցում: Տարածքի հարակից շենքերի բնակիչները պահանջում են դադարեցնել շինարարությունը եւ տարածքից դուրս բերել շինտեխնիկան: Բնակիչները պնդում են, որ շինարարությունն անօրինական է, քանի որ, ի պատասխան իրենց պահանջների, դեռեւս որեւէ մեկն իրենց չի ներկայացրել շինարարություն իրականացնելու համար օրինական փաստաթղթերը: Նրանց պնդմամբ` դեռ երեկ երեկոյան նման փաստաթղթեր իրենց խոստացել է տրամադրել Արաբկիրի թաղապետը, սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեցին վիճահարույց շինարարությանը հարակից տարածքի շենքերի բնակիչները` թաղապետն իր այդ խոստումն այդպես էլ չի կատարել։

Բնակիչներն ասացին, որ դեռ մեկ շաբաթ առաջ իրենց պայքարի արդյունքում այստեղ շինարարությունը դադարեցվել էր, սակայն այսօր առավոտյան շինտեխնիկան շատ վաղ ժամի ու շատ արագ կերպով ներս են մտցրել տարածք: Բնակիչների բողոքի ալիքին զուգահեռ, տարածք են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներ, եկել են նաեւ կարմիր բերետավորներ: Բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության ներկայացուցիչների միջեւ լարվածությունը ժամանակ առ ժամանակ մեծանում էր: Ոստիկանությունն արգելում էր տարածքին մոտենալ ոչ միայն շինարարության դեմ բողոքող բնակիչներին, այլ նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Բողոքի ակցիային մասնակցում է  նաեւ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել` պահանջելով անհապաղ դուրս բերել շինարարական տեխնիկան Կոմիտաս թիվ 5-ի բակից` պնդելով, որ շինարարությունն անօրինական է և հակասում է Երևանի գլխավոր հատակագծին։ «Կոռումպացված պաշտոնյաներն ու խոշոր բիզնեսը որոշել են յուրացնել առանց այդ էլ սակավ կանաչ գոտիներ ունեցող Արաբկիրի վարչական շրջանը»,- հայտարարել են նախաձեռնության անդամները` կոչ անելով բոլոր երևանցիներին միանալ Կոմիտաս 5- ի քաղաքացիների դիմադրությանը` ընդդեմ պաշտոնյաների անօրինական գործողությունների և հանրային ունեցվածքի յուրացման։ Ավելի ուշ՝ նախաձեռնությունը հայտարարեց, որ բողոքի վայրից  ոստիկանությունը Կենտրոնի բաժին բերման է ենթարկել Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին։

Ցուցադրել ավելի
Back to top button