

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանի արդյունաբերությունը կկարողանա վերագտնել իր նախկին հզորությունը, եթե անդամակցի Մաքսային միությանը, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա իր կարծիքը թվերով է հիմնավորում՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանից Մաքսային միության երկրներ արտահանվող ապրանքների քանակը դանդաղ, սակայն ավելանում է, մինչդեռ եվրոպական երկրներ՝ հակառակ պատկերն է գրանցվում:
«2012թ մեր արտահանվղո ապրանքների 20.3 տոկոսը Մաքսային միության երկրներ են գնացել, իսկ ԵՄ երկրներ 39,2: Բայց երբ մենք ամբողջ դինամիկան ենք նայում, ԵՄ մեր արտահանվող ապրանքների 2012-ին 48 տոկոսն է արտահանվել, 2011-ին՝ 45,7 տոկոս, 2013-ի առաջին կիսամյակում՝ 35 տոկոս: ԵՄ երկրներ արտահանվող արտահանվող ապրանքիւ մեջ անկում ենք տեսնում, իսկ Մաքսային միության երկրների արտահանման մեջ աճ ունենք»,- ասում է:
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցերը քննարկվել են նաև ամիսներ առաջ երկու երկրների միջխորհրդարանական նիստի ժամանակ: Ավելին՝ Վազգեն Սաֆարյանի փոխանցմամբ՝ հայկական կողմը մի շարք հարցադրումներ է առաջ քաշել՝ էներգակիրների գնի իջեցումից մինչև ռուսական կողմին պատկանող, սակայն չաշխատող գործարանների վերագործարկման հարցերը: «Հրազդանի ՋԷԿ-ի հարցն է, որը ռուսական սեփականություն է, և դուք գիտեք, որ նա տարեկան չորս ամիս պակաս է աշխատում ամռան ամիսներին, և օգտագործում է տարեկան 300 մլն խորանարդ մետր գազ: Հիմա մենք խնդիր պիտի բարձրացնենք ռուսական կողմի առջև, որ այդ գազը, որը մատակարվում է, ինդեսքավորվի, տրվի այն սակագնով, ինչ որ ռուսական շուկայի գինն է, քանի որ ռուսական ձեռնարկությունները պետք է արդյունավետ գործեն: Արդյունավետ գործել, նշանակում է ամբողջ տարին աշխատել և ավելի շատ արտադրանք տալ»։
Գրեթե նույն հարթության վրա է դրվել նաև «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագիրը: Ոչ միայն այս, այլ նաև մյուս չաշխատող ձեռնարկությունների հարցը նույնպես քննարկվել է, ռուսական կողմը մոտավորապես նույն պատասխանն է տվել, ինչ գուցե տար հայկական կողմը՝ դրանց մի մասը սեփական, մասնավոր ձեռնարկություններ են: «Արդյունաբերական մասով Հայաստանը կարող է ինտերգվել, անդամակցել ռուսական շուկային և ունենալով արդեն կայուն արդյունաբերություն, զարգացնելով տնտեսությունը, մի քանի տարի հետո Ռուսաստանի հետ միասին կարող է Եվրոպա գնալ»,- ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ կանխատեսելով՝ «այլապես Հայաստանին Հունաստանի, Իտալիայի Իսպանիայի ճակատագիրն է սպասվում»։