ԿարևորՄիջազգային

Միրանդայի ձերբակալումը վերածվել է միջազգային սկանդալի

Բրիտանական իշխանությունները ԱՄՆ վարչակազմին տեղյակ են պահել բրազիլացի Դեւիդ Միրանդային «Հիթրոու» օդանավակայանում ձերբակալելու մտադրության մասին, խոստովանել է Սպիտակ տան մամուլի փոխխոսնակ Ջոշուա Էռնստը։ Ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ի՝ տեղյակ են պահել մինչեւ Միրանդայի Լոնդոն ժամանելը։ Միաժամանակ՝ Էռնստը ասել է, որ ամերիկյան կառավարությունը կապ չունի Միրանդայի կալանման հետ։ «Որոշումն ընդունել է բրիտանական կառավարությունն առանց ԱՄՆ դիմումի»,- ասել է մամուլի փոխխոսնակը։

Բրիտանական հատուկ ծառայությունները հեվելով 2000 թ. ընդունված հակաահաբեկչության օրենքի վրա, Միրանդային ինը ժամ հարցաքննել են բացառապես ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տված նյութերի եւ դրանց վրա հիմնված հրապարակումների մասին։ «Չեն տվել ոչ մի հարց ահաբեկչության կամ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված,- ասել է Միրանդայի զուգընկերը՝ «Գարդիանի» լրագրող Գլեն Գրինվալդը՝ հավելելով,- նրանք ողջ օրը հարցրել են ինչպիսի ռեպորտաժներ եւ «Գարդիանի» որ լրագրողներն են նյութեր պատրաստել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության մասին»։։ Այսպիսով՝ ըստ նրա՝ ուժային կառույցները «ստորացնելու եւ ահաբեկելու» փորձ են ձեռնարկել։

Բրիտանական խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի ղեկավար Քիթ Բազը հայտարարել է, որ ոստիկանությանը հարցում է ուղարկել՝ բացատրելու համար Միրանդային կալանավորելու աննախադեպ փաստի հիմնավորումները։ Տեղի ունեցածի հետ կապված շուտափույթ բացատրություններ է պահանջում նաեւ «Գարդիանը», որը հունիսից սկսած հոդվածներ է հրապարակում Սնոուդենի տրամադրած փաստերի հիման վրա։ Թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը խոստովանել է նաեւ, որ իրենք սպառնալիքներ են ստանում հատւկ ծառայություններից, որոնք պահանջում են վերադարձնել գաղտնի փաստաթղթերը։ Իր խմբագրականում նա գրել է, թե ինչպես մեկ ամիս առաջ այցելել են Կառավարական կապի կենտրոնի անվտանգության գծով երկու մասնագետ եւ հայտարարել. «Բավական է որքան խաղացիք։ Հիմա ցանկանում ենք հետ տաք մերը մեզ»։ Նրանք նաեւ սպառնացել են քրեական հետապնդում իրականացնել թերթի դեմ։

«Միջազգային համաներում» կազմակերպությունն էլ հայտարարել է, որ տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է 2000 թ. օրենքը չարաշահել «սահմանափակող եւ  պատժիչ» նպատակներով։

Ցուցադրել ավելի
Back to top button