ԿարևորՔաղաքական

Արեւելյան գործընկերությունն առանց Հայաստանի կվերածվի ՎՈՒԱՄ- ի

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Արևելյան գործընկերության ծրագրում ԵՄ համար առաջնահերթ են Ուկրաինան ու Հայաստանը, կարծում է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը։ «Եվրամիության ու Ռուսատանի միջև մրցակցությունը նոր փուլ է թևակոխել, իրավիճակը նմանվում է ամուսինների միջև չհիմնավորված խանդի»,- վիճակը այսպես պատկերավոր է նա ներկայացնում։ Եվրոպան փորձում է քաղաքական, տնտեսական ներկայություն ունենալ տարածաշրջանում, ինչը չի կարողանում հանդուրժել Ռուսաստանը, ում համար Հարավային Կովկասը ավանդաբար համարվել է Ռուսաստանի տիրույթ։

Ըստ այդմ՝ տարեվերջին նախատեսված վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ  լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ձեռքերը ծալած չի նստում ոչ Եվրամիությունը, ոչ էլ Ռուսաստանը։ «Հայաստանը ճնշումներին դիմակայելու ռեսուրսներ չունի։ Եթե Ուկրանայի հետ համաձայնագիր նախաստորագրվի՝ Հայաստանի գործը կհեշտանա: Հակառակ դեպքում՝ Հայաստանի համար միայնակ դժվար կլինի»,- ասում է նա։

Ստյոպա Սաֆարյանը համաձայնեց «Ռադիոլուրի» դիտարկմանը, որ Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքելուց հետո գործընթացը շղթայական ռեակցիայով կտարածվի Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների վրա։ Ի սկզբանե՝ ԵՄ համար կարևոր էին Ուկրաինան ու Հայաստանը, հստակեցրեց Ստյոպա Սաֆարչյանը՝ պարզաբանելով` Ադրբեջանն անտարբեր է Եվրաինտեգրման հարցում և նման պայմաններում Հայաստանն ավելի կարևոր երկիր է դառնում ԵՄ համար: Բացի դա՝ առանց Հայաստանի Արևելյան գործընկերության ծրագիրը կվերածվեր ՎՈՒԱՄ-ի, ինչն անարդյունավետ է։

Կոնկրետ Հայաստանի համար, Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Արևելյան գործընկերության ծրագիրը օդի ու ջրի նման կարևոր է։

Ցուցադրել ավելի
Back to top button