ԿարևորՀասարակություն

Քիչ- քիչ, շուտ- շուտ. նիհարելու գաղտնիքը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական եւ գենետիկական հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելցուկային ճարպերի կուտակումը օրգանիզմում, ինչպես նաև նստվածքի առաջացումը ենթամաշկային բջջանքում, այլ օրգաններում ու հյուսվածքներում։ Ըստ վիճակագրական տվյալների` տնտեսապես զարգացած երկրներում բնակչության 30 %-ի քաշը գերազանցում է բնականոն քաշին 20 %-ից ավելի: Ապացուցված է, որ ճարպակալված հիվանդների կյանքի տևողությունը ցածր է միջինից: Այն կրճատվում է 10-12 տարով:

Հայկական իրականությունում  նույնպես  ճարպակալումը տարածված երևույթ է, ընդ որում` մասնագետների պնդմամբ, հայ կանայք ու տղամարդիկ գրեթե հավասար են այս հարթությունում, պարզապես կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց կազմվածքին, քան՝ տղամարդիկ: Մինչդեռ երկու սեռերի դեպքում էլ ավելի հեշտ է նախապես կանխարգելել ճարպակալումը։ «Ամեն ինչ ճիշտ է ժամանակին անել։ Երբ մարդ զգում է առաջին, երկրորդ, թեկուզ հինգ  կգ, որ հավելյալ հավաքեց, այդ պահից է պետք պայքարել, քանի որ ավելի հեշտ է ձերբազատվել նոր հավաքած կիլոգրամենրից, քան՝ երբ արդեն տարիներով այդ ճարպը հավաքված է: Իհարկե, շատ ավելի բարդ է 100 կգ-ից իջնել 60 կգ-ի, քքան՝ 65-ից ՝60-ի»,- ասում է էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը։

ճարպակալումը վտանգավոր է առողջության համար, եւ անհրաժեշտ է ակտիվորեն պայքարել դրա դեմ, բայց ինչպե՞ս։ Դա ավելի քան պարզ է, ասում է մասնագետը, պետք չէ օրգանիզմը զրկել սննդից, սակայն, պետք է ուտել քիչ-քիչ ու շուտ-շուտ, իսկ օրվա ընթացքում վերջին անգամ անհրաժեշտ է  սնվել քնելուց երեք ժամն առաջ։

Հոգեբան Աննա Բադալյանը խորհուրդ չի  տալիս քաշը նվազեցնել որևէ դիետայի կամ դեղորայքի օգնությամբ:  Պետք է գիտակցել, որ դրանք կարճաժամկետ միջոցներ են, դրանց  կարելի է դիմել, երբ շատ շտապ անհրաժեշտ է ասենք երկու — երեք կիլոգրամից ազատվել։ «Երբ քեզ զրկում ես որոշակի հաճույքներից, երբ քեզ զրկում ես շոկոլադից, դրանից հետո գալիս է այնպիսի զգացողություն,  երբ որ վերջացրեցիր, ամեն ինչ նորմալ է,  դու սկսում ես ավելի շատ ուտել»,- ասում է նա։

 Հատկապես վտանգավոր է որովայնային ճարպակալումը, չնայած  պակաս վտանգավոր չէ նաև կոնքայինը, ընդգծում է էնդոկրինոլորգ Բամինե Բաղրամյանը։ Մասնագետները  հիշեցնում են, որ 30 տարելանից հետո նյութափոխանակությունը դանդաղում է,  խորհուրդ է տրվում այս փուլից սկսած կյանքն ավելի ակտիվացնել, սնունդը, ընդհակառակը, նվազեցնել։

Հոգեբանորոն շատ ավելի ծանր երևույթ  է անորեքսիան: Այն հոգեբանական ու առողջական խանգարում է, որի ժամանակ մարդու քաշը նորմայից 15 –ից  ավելի տոկոսով ցածր է լինում,  բայց նրան շարունակում է թվալ, որ ինքը գեր է: Կանայք, ում մոտ  անորեքսիա է զարգանում, որպես կանոն սխալ պատկերացում են ունենում իրենց  կազմվածքի մասին, ասում է հոգեբան Աննա Բադալյանը։

Սիրեք սեփական  մարմինը, ճիշտ սնվեք ու առավել հաճախ ժամանակ անցկացրեք բնության գրկում: Ըստ մասնագետների՝ սա առողջ լինելու լավագույն բաղադրատոմսն է։

Ցուցադրել ավելի
Back to top button